Կառավարության նոր որոշումը
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 26–ի նիստում հաստատեց ՀՀ–ում գործող և նոր ստեղծվող մշակութային կազմակերպություններին «Համապետական», «Տարածքային» կամ «Տեղային» կարգավիճակ շնորհելու, փոփոխելու և դադարեցնելու կարգը, ախապայմանները և չափանիշները։
Որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է թատերական, երաժշտական, պարարվեստի և կինոարվեստի, թանգարանային, գրադարանային և արխիվային ոլորտի մշակութային ոչ առևտրային կազմակերպություններին համապատասխան կարգավիճակ շնորհելու անհրաժեշտությամբ։
Որոշման նախագծով առաջարկվում է վերոնշյալ ոլորտային մշակութային ոչ առևտրային կազմակերպությունների համար սահմանել հստակ և տարբերակված մոտեցում, որը թույլ կտա կազմակերպությունները դասակարգել ըստ դրանց գործունեության տարածքի և հանրային դերակատարության։
Առաջարկվում է «Համապետական» կարգավիճակը շնորհել այն կազմակերպություններին, որոնց գործունեությունը տարածվում է Հայաստանի ողջ տարածքի վրա և ունի ռազմավարական նշանակություն պետության կողմից մշակութային քաղաքականության իրականացման տեսանկյունից։ Այս կարգավիճակ ունեցող կազմակերպությունները առանձնանալու են իրենց բացառիկության և ազգային մշակույթի պահպանման գործում ունեցած դերակատարմամբ:
«Տարածքային» կարգավիճակ առաջարկվում է շնորհել այն կազմակերպություններին, որոնք իրականացնում են իրենց գործունեությունը մեկ ամբողջական մարզի շրջանակներում՝ նպաստելով մշակութային կյանքի զարգացմանը մարզային մակարդակում։
«Տեղային» կարգավիճակ շնորհվելու է այն կազմակերպություններին, որոնք գործում են բացառապես համայնքային մակարդակում և սպասարկում են տվյալ համայնքի մշակութային կարիքները։
Կազմակերպությունների հստակ իրավական կարգավիճակը անհրաժեշտ նախապայման է պետական աջակցության ծրագրերին մասնակցելու համար:
