Իրանում լրտեսական սարքավորումների սկանդալի կենտրոնում հայտնված հոլանդացի դիվանագետը փախուստի է դիմել
Թեհրանում Նիդերլանդների դեսպանատան առաքելության ղեկավարի տեղակալ Անդրե վան Վիգգենը հապշտապ լքել է Իրանը՝ օդանավակայանում իրավապահների հետ ունեցած միջադեպից հետո: Ինչպես հաղորդում է The Tehran Times-ը, դիվանագետի ուղեբեռում հայտնաբերվել են լրտեսական նպատակներով օգտագործվող արգելված սարքավորումներ:
Միջադեպը տեղի է ունեցել Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանում, երբ Դուբայից վերադարձող դիվանագետը հրաժարվել է իր ուղեբեռը հանձնել ռենտգենյան ստուգման՝ վկայակոչելով դիվանագիտական անձեռնմխելիությունը: Իրանական կողմը, սակայն, հայտարարել է, որ միջազգային կոնվենցիաները չեն ազատում զննումից, եթե խնդիրը վերաբերում է ազգային անվտանգությանը: Քանի դեռ ընթանում էին պաշտոնական ձևակերպումները, Վան Վիգգենը լքել է երկիրը:
