Պարզվել է՝ Սավելովսկի կայարանում պայթյունն իրականացրած տղամարդը Ուդմուրտիայի 22-ամյա բնակիչ է. ՌԴ քննչական կոմիտե
Պարզվել է՝ Սավելովսկի կայարանում ճանապարհային ոստիկանության ավտոմեքենան պայթեցրած տղամարդը Ուդմուրտիայի 22-ամյա բնակիչ է։ Դրա մասին «Мах»-ին հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեի ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն, հաղորդում է «Коммерсантъ»-ը։
Հաստատվել է, որ տղամարդը փետրվարի 22-ին Սանկտ Պետերբուրգից գնացքով մեկնել է Մոսկվա։
«Մոսկվայի քննչական կոմիտեի քննիչները և իրավապահ մարմինների աշխատակիցները պարզել են նրա տեղաշարժի երթուղին Մոսկվայի մարզում»,- հավելել է տիկին Պետրենկոն։
Փետրվարի 24-ի գիշերը տղամարդը մոտեցել է Սավելովսկի կայարանում գտնվող ճանապարհային ոստիկանության ավտոմեքենային, որից հետո տեղի է ունեցել պայթյունը։ Ռումբի պայթուցիկ հզորությունը գնահատվել է 300 գրամ տրոտիլ։ Հանցագործը տեղում մահացել է, զոհվել է նաև ճանապարհային ոստիկանության աշխատակիցներից մեկը։ Հարուցվել է քրեական գործ՝ իրավապահ մարմնի աշխատակցի սպանության և պայթուցիկ սարքերի անօրինական շրջանառության համար։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միջադեպն ահաբեկչական հարձակում է որակել։ Նա չի բացառել, որ ահաբեկիչը կարող էր հավաքագրվել առցանց, ապա պայթեցվել հեռակա կարգով։ Հանցագործն, ըստ նախագահի, կարող էր ոչինչ չիմանալ նախատեսված պայթյունի մասին։
