Պետությունը վերադարձրել է ԱՆԻՖ-ի օրոք մասնավոր բիզնեսում ներդրված գումարներից 3,6 մլրդ դրամ. «Հետք»
«Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» պետական ֆոնդը հետ է ստացել մասնավոր 8 ընկերություններից 3-ում կատարած իր ներդրումները: Այս մասին «Հետքը» տեղեկացել է Պետգույքի կառավարման կոմիտեից (ՊԳԿԿ): Այս մասին գրում է «Հետքը»։
Ֆոնդը կառավարում է «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ն, որի սեփականատերը 2019-2024 թթ. ԱՆԻՖ-ն էր՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն, իսկ 2024-ից մինչ օրս՝ ՊԳԿԿ-ն:
Հիշեցնենք, որ «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդի նպատակը եղել է կորոնավիրուսի համավարակի ազդեցության պայմաններում ՀՀ տնտեսական ակտիվության բարձրացումը, աշխատատեղերի ստեղծումը, արտահանման խթանումը, Հայաստանի մարզերի զարգացումը: Այս ֆոնդի մասնակիցը, այսինքն՝ նրա թողարկած փայերի սեփականատերը, պետությունն է՝ ՀՀ-ն, որը պետբյուջեից գումարներ էր «սրսկում» ֆոնդ, իսկ հետո դրանք ներդրվում էին տարբեր ընկերություններում:
Սահմանվել էր, որ ֆոնդը յուրաքանչյուր ծրագրում կարող է ներդնել 0,5-4 մլն դոլար, ինչի դիմաց տվյալ ներդրումն ընդունող ընկերությունում ստանալու էր 25,1-49,9 % մասնակցություն: Այսինքն՝ պետությունն ու մասնավոր ձեռնարկատերը բիզնեսի համասեփականատեր էին դառնալու:
Պետական ներդրումային ֆոնդի մասնակցության ժամկետը որեւէ ծրագրում սահմանափակ էր՝ մինչեւ 10 տարի: Երբ ֆոնդը դուրս է գալիս համատեղ ընկերությունից, իր բաժնետոմսերը վաճառում է գործընկեր ձեռնարկատիրոջը:
2021-2023 թթ. «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդը հայաստանյան 10 ընկերություններում միլիարդավոր դրամների ներդրումներ է կատարել՝ զուգահեռաբար դառնալով դրանց բաժնետեր: Ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 6.649.718.618 դրամ, որը ՀՀ կենտրոնական բանկի ներկա փոխարժեքով 17,6 մլն դոլար է:
Ընդգծենք՝ ներդրումները կատարվել են ֆոնդի կառավարիչ ընկերության (2019-2024 թթ. ԱՆԻՖ-ին ենթակա) տնօրենների խորհրդի որոշումների հիման վրա: Իսկ «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ի տնօրենը 2020-2024 թթ. եղել է Բելլա Մանուկյանը:
Այն բանից հետո, երբ ԱՆԻՖ-ը հայտնվեց կոռուպցիոն սկանդալում, եւ այն հիմնած Նիկոլ Փաշինյանի կառարությունն իր իսկ ձեռքով որոշեց լուծարել ԱՆԻՖ-ը, իրավապահների ուսումնասիրությունների արդյունքում չարաշահումներ հայտնաբերվեցին նաեւ «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդի ու մասնավոր գործընկերների հարաբերություններում:
Առավել մանրամասն՝ սկզբաղբյուր կայքում։
