ԱՄՆ-ի 10% ներմուծման գլոբալ մաքսատուրքերն ուժի մեջ են մտել
ԱՄՆ-ի ներմուծման 10% գլոբալ մաքսատուրքերն ուժի մեջ են մտել այն բանից հետո, երբ Գերագույն դատարանն օրերս անօրինական էր հայտարարել նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ավելի վաղ հայտարարված մաքսատուրքերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
Նոր մաքսատուրքը սպասվածից ցածր է. Թրամփը փետրվարի 20-ին հայտարարել էր 150 օրով 10% մաքսատուրքեր սահմանելու մասին, սակայն փետրվարի 21-ին նշել էր, որ կսահմանի 15% մաքսատուրքեր։ Այնուամենայնիվ, մաքսատուրքերը բարձրացնելու պաշտոնական հրահանգ դեռևս չի տրվել։
ԱՄՆ Մաքսային և սահմանապահ վերահսկողության ծառայությունը (CBP) հայտնել է, որ այն բոլոր ապրանքների համար, որոնք արտադրվել են արտասահմանում և ներկրվել ԱՄՆ կամ առաքվել են պահեստներից ԱՄՆ արևելյան ափի ժամանակով 2026 թ. փետրվարի 24-ի ժամը 00:01-ից (Երևանի ժամանակով ժամը 09:01-ից) ի վեր ընկած ժամանակահատվածում, սահմանվում է մաքսատուրք 10%-ի չափով: Միջոցը կգործի մինչև 2026 թ. հուլիսի 24-ը:
Սպիտակ տան ներկայացուցիչը NBC News հեռուստաալիքին հայտնել է, որ ԱՄՆ վարչակազմն աշխատում է առանձին հրամանագրի վրա՝ ներմուծման գլոբալ մաքսատուրքերը մինչև 15% բարձրացնելու համար, սակայն չի նշել, թե երբ նախագահը կստորագրի այդ հրամանագիրը։
