Այս հայտարարությունը ստորագրած հարյուրավոր ազնիվ քահանաներ ի՜նչ իմանային, որ իրենց հետ ժողովի են մասնակցում դավաճաններ․ Վահե Սարգսյան
Պատմաբան Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գիտե՞ք ինչն է զավեշտը. տիրադավերին միացած էդ մի քանի քահանաները (մանր տիրադավիկները) մասնակցել են ընդամենը 6 ամիս առաջ կայացած քահանայից մեծ ժողովին, բոլորն անխտիր դատապարտել իշխանության բռնաճնշումներն ու իրենց անվերապահ աջակցությունը հայտնել Վեհափառին։
Ահա 2025թ. հուլիսի 11-ի քահանայից հավաքի հայտարարությունից որոշ հատվածներ.
«Մենք՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հայաստանյան թեմերում սպասավորող քահանաներս, գոհություն ենք հայտնում Երկնավոր մեր Տիրոջը, որ բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի առիթն ունեցանք համախմբվելու Միածնաէջ Սուրբ Էջմիածնում, միասնաբար խորհրդածելու սրբազան մեր առաքելության շուրջ…»։
«Խորապես մտահոգված ենք հայրենի մեր երկրում տեղ գտնող վերջին օրերի ցավալի զարգացումներով»։
«Սուրբ Եկեղեցու նկատմամբ Հայաստանի Հանրապետության իշխանությունների դրսևորած անհարիր վարքագիծն ու անպարկեշտ խոսույթը, շարունակական սպառնալիքները և հոգևորականության պառակտման անթաքույց փորձերը վիրավորում են ի սփյուռս աշխարհի մեր հավատացելոց ազնիվ զգացումները, նաև ուղղակիորեն ոտնահարում ՀՀ Սահմանադրության, «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի և միջազգային բազում պահանջներ»։
«Հավատարիմ մյուռոնաբաշխ Սուրբ Էջմիածնին՝ մեր որդիական զորակցությունն ենք հայտնում Հայոց Հովվապետին՝ Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ փոթորկալի այս ժամանակներում, իբրև բարի և քաջ հովիվ, տերունաշնորհ իմաստությամբ, հանդարտությամբ և մշտարթուն հոգով առաջնորդելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և համայն հավատավոր մեր ժողովրդին դեպի խաղաղ ու ապահով հանգրվաններ»։
Այս հայտարարությունը ստորագրած հարյուրավոր ազնիվ քահանաներ ի՜նչ իմանային, որ իրենց հետ ժողովի են մասնակցում և լուսանկարվում նաև մի քանի ողորմելիներ, որոնք շուտով դավաճանելու են իրենց իսկ ստորագրած հայտարարությանն ու միանալու թուրքական ստրկության երթին…»։
