Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձ․ ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել
ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել է երկկուսակցական «ARMENIA Security Partnership Act» օրինագիծը, որը նախաձեռնել են Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի համանախագահներ Գաս Բիլիրակիսը և Ֆրենկ Փալոնը։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակից։
Օրինագծի նպատակն է արգելել ԱՄՆ նախագահին շրջանցել 907-րդ բանաձևի սահմանափակումներն Ադրբեջանի նկատմամբ, քանի դեռ Ալիևի վարչակարգը չի իրականացրել հստակ և չափելի քայլեր՝ ուղղված Հայաստանի հետ կայուն խաղաղության հաստատմանը։ Այդ քայլերի թվում են՝ բոլոր հայ գերիների և պատանդների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը,
ադրբեջանական զորքերի ամբողջական դուրսբերումը Հայաստանի ինքնիշխան տարածքից,
Արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը,
հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանության ապահովումը։
Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է՝ օրինագիծը «դադարեցնում է Ադրբեջանի շարունակական ագրեսիան խրախուսող քաղաքականությունը և ԱՄՆ արտաքին քաղաքականությունը հիմնավորում է խաղաղության կոնկրետ չափորոշիչներով ու պատասխանատվությամբ»։
Օրինագիծը նաև նախատեսում է ԱՄՆ անվտանգության աջակցության համապարփակ վերանայում Հայաստանի համար՝ ուժեղացնելու երկրի պաշտպանունակությունն ու զսպման կարողությունները, եթե Ադրբեջանը չկատարի նշված պայմանները։
«ARMENIA Security Partnership Act»-ի համահեղինակների թվում են նաև կոնգրեսականներ Բրեդ Շերմանը, Դեյվիդ Վալադաոն, Քրիս Սմիթը, Գեյբ Ամոն և այլք։ Սպասվում է օրինագծի նկատմամբ լայն երկկուսակցական աջակցություն առաջիկա շաբաթներին։
Օրինագիծը ներկայացվում է այն պայմաններում, երբ փորձ է արվում վերականգնել ԱՄՆ ռազմական օգնությունն Ադրբեջանին՝ չնայած Արցախի ամբողջական հայաթափմանը, հայ գերիների պահմանը, Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացիային, միջազգային իրավունքի շարունակական խախտումներին և այլնին։
