Թուրքիայում թմրամիջոցների օգտագործման համար մի շարք հայտնիներ են ձերբակալվել
Ստամբուլի գլխավոր դատախազության «Անօրինական, թմրանյութի և տնտեսական հանցագործությունների հետաքննություն բյուրոյի» կողմից իրականացվող հետաքննության շրջանակներում դեկտեմբերի 18-ին ձերբակալվել են Թուրքիայում մի շարք հայտնի և հանրային համակրանք վայելող անձինք: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։
Մասնավորապես ձերբակալվել են երգչուհիներ/դերասաններ/սոցցանցում հայտնի բլոգերներ Իրեմ Սաքը, Դանլա Բիլիչը, Մյումինե Սեննա Յըլդըզը, Ալեյնա Թիլքին, Մելիսա Դյոնգելը, Յոսուֆ Գյուները և Ջիհան Շեզյոնլուն: Վերջիններս մեղադրվում են օգտագործման նպատակով թմրանյութ և թմրամիջոցներ գնելու, դրանք ընդունելու, ունենալու և կամ որպես խթանիչ միջոց օգտագործելու մեջ:
Նշվում է, որ Ստամբուլի նահանգային ժանդարմերիայի ջոկատները միաժամանակյա գործողություններ են անցկացրել Սարըյերի, Էյուփսուլթանի, Շիշլիի, Ուսքյուդարի, Բաքըրքյոյի և Էսենյուրթի 7 հասցեներում: Մյումինե Սեննայի տնից էլ հայտնաբերվել է 5 գրամ կանեփ և կանեփի մանրացման սարք:
Հարկ է ընդգծել, որ վերջին շրջանում Թուրքիայի դատաիրավական և ուժային համակարգի համատեղ գործողություններով պարբերաբար ձերբակալվում ու բերման են ենթարկվում հանրության շրջանում մեծ ճանաչում վայելող անձինք, որոնք հիմնականում մեղադրվում են թմրանյութի օգտագործման մեջ:
