Սամվել Ալեքսանյանի «Ալեքս ընդ Հոլդինգը» արտոնություն ստացավ
Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 17–ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատեց հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «ԱԼԵՔՍ ԷՆԴ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ–ին։
Այս ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել շաքարի արտադրության համար։
Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2018 թվականին։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 31․1 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։
Ներկայումս առկա է 762 աշխատատեղ՝ 400 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2028 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 880-ի՝ 430 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 31․1 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 23․8 մլրդ դրամ։
