Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման
44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ գումարտակի 13-րդ վաշտի հրամանատար, մայոր Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման։ Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Վարդգես Ստեփանյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց այս դատավճիռը։ Գրում է Ինֆոքոմը։
Հաշվանցելով Գրիգորյանի՝ նախնական կալանքի տակ անցկացրած 11 ամիս 1 օրը՝ նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակվեց 5 տարի 29 օր ժամկետով ազատազրկումը։
Հիշեցնենք՝ Հայկազ Գրիգորյանը ամիսներ առաջ մեղավոր էր ճանաչվել ռազմական դրության պայմաններում իշխանությունը չարաշահելու համար, որը դրսեւորվել է առանց վերադաս հրամանատարության թույլտվության 2020թ․ հոկտեմբերի 2-ին Ջրականի բնագծից վաշտի կազմով նահանջ կատարելու մեջ։ Այս մասին հայտնի է դարձել նույն գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի վերաբերյալ գործի դատաքննության ժամանակ, որի շրջանակում Գրիգորյանը ներկայացել էր դատարան՝ որպես վկա հարցաքննվելու։ Հարցաքննությունից հետո մեղադրող եւ տուժող կողմերը հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել, նախաձեռնվել էր նոր քրեական վարույթ։
Ըստ մեղադրանքի՝ հիշյալ օրը զբաղեցրած դիրքերի պաշտպանությունն առկա ուժերով ու միջոցներով շարունակելու, ինչպես նաեւ ենթակա անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը բարձրացնելու փոխարեն Գրիգորյանը չի կատարել իր ծառայողական պարտականությունները եւ նահանջ կատարելու անհրաժեշտության բացակայության պարագայում, իր ուղղությամբ հակառակորդի հնարավոր հարձակմանը չդիմակայելու, անմիջական մարտի չբռնվելու, այդպիսով իր, ինչպես նաեւ ենթակա ստորաբաժանման կյանքն ու առողջությունը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ու խմբային շահից ելնելով՝ որեըէ միջոց չի ձեռնարկել խնդրի կատարումը շարունակելու ուղղությամբ։
Գրիգորյանը, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով ի վնաս պետական եւ ծառայողական շահերին, չարաշահելով իշխանությունը, խախտել է վաշտին նահանջի հրաման տալու իրավասության, նահանջի կազմակերպման եւ կատարման կարգի վերաբերյալ պահանջները եւ ավագ պետի կողմից նահանջ կատարելու հրաման կամ թույլտվություն չունենալու, անգամ նման արգելքի պայմաններում անձնակազմին տվել է «նահանջ» հրաման՝ չսահմանելով նաեւ նահանջի ուղղություն եւ նոր բնագիծ, որպիսի պայմաններում վաշտը Կանոնադրությամբ չսահմանված զորաշարժ է կատարել դեպի խոր թիկունք եւ անզգուշությամբ առաջացրել մարտական առաջադրանքի խափանում եւ այլ ծանր հետեւանքներ։
Հայկազ Գրիգորյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել, դատարանում ցուցմունք տալիս պնդել է, որ ինքը փախուստի չի դիմել, այլ մնացել է, ինչքան կարողացել է, եւ երբ զգացել է, որ այլեւս հնարավոր չէ դիմակայել հակառակորդին, փրկել է իր անձնակազմի կյանքը։
