Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան
Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա։ Այս մասին գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Վարչակարգի պարագլխի հետ հանդիպած սեպարատիստ եպիսկոպոսների անունից հայտարարություն է տարածվել, առանց ազգանունների ու ստորագրությունների, ըստ որի, վաղը, դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին, գնալու են Մայր Աթոռ, որ պահանջեն Կաթողիկոսի հրաժարականը: Մոտավորապես այն սցենարով, ինչպես 2018-2019-ին շրջափակում էին դատարաններն ու ծեծում դատավորներին: Այդ ամենն անում էին ժողովրդի անունից, որ դատարաններն ու Սահմանադրական Դատարանն «վերադարձնեն ժողովրդին»: Ուղղակի, այս անգամ, «հպարտ քաղաքացիների» փոխարեն, կոչն ուղղված է «հավատավոր ժողովուրդ»-ին, բնականաբար, հավատավոր ժողովուրդը տեղյակ չէ, որ իրենց փոխարեն որոշումը կայացվում է բազմաթիվ live-ով հայտնի սենյակում:
Հիմա, ըստ մամուլում հրապարակված տվյալների, բազմաթիվ անբարոյական արարքներով, բնական եւ անբնական, ու կոռուպցիայի մեջ կասկածվող մի խումբ եպիսկոպոսների միջոցով փորձում են «մաքրել» եկեղեցին:
Եպիսկոպոսներն արդեն բացահայտ կերպով նաև քաղաքականությամբ են զբաղվում:
Ներքաղաքական կոչ
– «Մայր Եկեղեցու այսօրվա անմխիթար վիճակը սպառնալիք է ստեղծում նաև մեր ազգային և պետական անվտանգային շահերին»:
Արտաքին քաղաքական կոչ
– «Միասնական կամք դրսևորել, միանալ մեզ և ձեր արդար բողոքի ձայնը բարձրացնել Եկեղեցու վարկն ու հեղինակությունը միտումնավոր ոչնչացման տանող այս կործանարար, հակականոնական ընթացքի դեմ՝ իսպառ մերժելով Հայ Եկեղեցին օտարի շահերին ծառայեցնելու բոլոր տեսակի ճիգերն ու ջանքերը»:
Դե ինչ, տեսնենք քանի հատ «հավատավոր ժողովուրդ», չհաշված հավատավոր ոստիկաններին ու ԱԱԾ աշխատակիցին, կմասնակցի այդ հավաքին:
