«Ընձի սկի մի հատ Coca Cola չեն հյուրասիրել, շորերս որ հանեմ, ՀՀ-ի քարտեզն է վրես, այ էդքան կրակել են»․ Վարդան Ղուկասյան
Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Լևոն Պետրոսյանի նախագահությամբ, ընթանում են Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործով նախնական դատալսումները։
Քրեական վարույթը, հիշեցնենք, վերաբերում է ենթադրյալ կաշառքին։ Վարդան Ղուկասյանn, ըստ մեղադրանքի, հանդիսանալով Գյումրի համայնքի ղեկավար, նույն համայնքի գլխավոր ճարտարապետի պաշտոնը զբաղեցրած անձի՝ Հենրիկ Գասպարյանի հետ Սևակ Գոմցյանի օգտին հովանավորչության, թողտվության և այլ ապօրինի գործողության համար պահանջել է խոշոր չափերով՝ 4․000․000 ՀՀ դրամ կաշառք գումար, ինչպես նաև մի խումբ պաշտոնատար անձանց հետ նախնական համաձայնությամբ կատարել է պաշտոնական կեղծիք:
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն, թեև չի ներկայացվել, բայց պաշտպան Զարուհի Փոստանջյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ այս գործն ունի ընդգծված քաղաքական բնույթ, առաջին իսկ օրվանից, այսինքն, գործը «ծննդաբերելու» օրվանից, ծանոթացել են մի զեկույցի՝ ՕՀՄ-ների վերաբերյալ, որը չէր հիմնավորում, թե ինչու պետք է Վարդան Ղուկասյանի նկատմամբ ՕՀՄ-ներ եղել, Վարդան Ղուկասյանին և նրա հետ շփում ունեցող անձանց, ընտանիքին վեց ամիս գաղտնալսել են, ներքին և արտաքին դիտումներ իրականացրել, ինչն իրավաչափ չէ։ Վարդան Ղուկասյանը ևս հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ 2007թ․ իր նկատմամբ մահափորձից հետո ինքը, իր ընտանիքը ենթարկվում են նմանատիպ բռնաճնշումների, մի քանի անգամ որդին քրեական հետապնդման է ենթարկվել, արդարացվել, իսկ այս վերջին շոուն իրականացվել է այն բանից առաջ, երբ ինքը պատրաստվում էր հաղորդում ներկայացնել։
Դատարանում այսօր քննարկվել է նաև Վարդան Ղուկասյանի խափանման միջոցի հարցը։ Հանրային մեղադրող Գորիկ Հովակիմյանը պահանջեց անփոփոխ թողնել և ևս երեք ամսով երկարացնել Վարդան Ղուկասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը ՝ պնդելով, թե այս փուլում դեռևս ռիսկը բարձր է, որ Ղուկասյանը, մնալով ազատության մեջ, նոր հանցանք կկատարի։ Պաշտպան Զարուհի Փոստանջյանն էլ ընդգծեց, որ ակնհայտ է, որ հիմնավոր կասկածը գոյություն չունի, եթե գոյություն լիներ, ապա այս գործընթացն ավելի վաղ կլիներ։ Փաստաբանը, սակայն, հիշեցրեց, որ առաջին իսկ օրվանից, երբ Ղուկասյանը մուտք է գործել Գյումրիի քաղաքապետարան՝ հենց առաջին իսկ օրվանից նրա նկատմամբ օպերատիվ-հետախուզական գործունեություն են իրականացրել, ընդ որում, մինչև Ղուկասյանի պաշտոնը զբաղեցնելը։ Փոստանջյանի խոսքով՝ ակնհայտ է, որ իջեցվել է քաղաքական պատվեր։ Վարդան Ղուկասյանը նշեց, որ իր նկատմամբ հետապնդումները սկսվել են դեռ 2007թ․-ին, իր պաշտոնավարման ժամանակ 100-120 մլրդ դրամի շինարարություն է եղել․ ինչի համար արժանացել է ՀՀ բոլոր նախագահների, վարչապետների, Կաթողիկոսի գնահատականներին։ Ղուկասյանը պատմեց նաև իր նկատմամբ մահափորձի մասուն, նշում է՝ մեղադրողը թող կարևոր բաների մասին մտածեն։
«Գլխավոր դատավոր Մկրտումյանը, որ տանը հարձակում եղավ, այդ ավտոմատը այն ավտոմատն էր, որով կրակել էին մեզ, դրանից հետո, երբ ասում են՝ այդքան մարդ է սպանվել, ասել են՝ այդ ավտոմատը իրենց տվել է «Կարամելի Հարութը», խփում են «Գյումրեցի Կարոյին», Կարամելի Հարութը մի ամիս հետո մահանում է, գործը փակվում է, այ մեղադրող կողմը թող մտածի, չորս մարդ է մահացել, ոչինչ չի բացահայտվել, ինձ վրա գործերը կարել են»,- նշեց Ղուկասյանը՝ հավելելով, որ Միքայել Վարդանյանի, Համբարձումյանի, Բալասանյանի ժամանակահատվածի գործերը բերել են՝ իր վրա նորից, ասում՝ Ղուկասյան Վարդանը պետք է պատասխան տա․ «Այսօր ՀՀ նախկին քաղաքապետերը հիմնականում 90 տոկոսով դատվում են, որ լռեն, ոչինչ չանեն, բերեն թուրքերին բնակեցնեն ՀՀ-ում։ Բոլոր այն քաղաքապետերը, որոնք ընտրվում են ժողովրդի կողմից, այսօր դատվում են։ 85 մլրդ տանում են, քաղաքին 4 մլրդ են տալիս, առաջին անգամ պետք է դատի տայինք ՀՀ-ին։ Հենրիկ Գասպարյանն այդքան աշխատել ենք, ընձի սկի մի հատ Coca Cola չեն հյուրասիրել, շորերս որ հանեմ, ՀՀ-ի քարտեզն է վրես, այ էդքան կրակել են։ Առաջինն իրեն պետք է գործից հանեինք»։
Վարդան Ղուկասյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություն ներկայացվեց պաշտպանության կողմից, նրա համար անձնական երաշխավորություն են ներկայացրել ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության 3 պատգամավորներ Մհեր Մելքոնյանը, Գառնիկ Դանիելյանն ու Գեղամ Մանուկյանը երաշխավորություն են ներկայացրել։ Երաշխավորներին միացավ նաև դերասան Լևոն Հարությունյանը։
