Խորհրդարանը վավերացրել է 250 միլիոն դոլարի վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը
Հայաստանի խորհրդարանը դեկտեմբերի 17-ի արտահերթ նիստում վավերացրելէ «Կենսունակության բարելավման և հզորացման համար բնակարանային բարեփոխումների» վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը, որոնց շրջանակներում Ասիական զարգացման բանկը Հայաստանին 250 միլիոն դոլար կտրամադրի։
Հայաստանը, Կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի որոշման շրջանակներում, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիր է իրականացնում։ Ներկայումս ծրագրի շրջանակներում սերտիֆիկատներ են ստացել 3100 ընտանիք, որոնցից 1140-ն արդեն իրացրել են դրանք։
Ծրագրի շրջանակներում Հայաստանի պետական բյուջեից արդեն ավելի քան 2 միլիարդ դրամ է վճարվել։ 250 միլիոն դոլարի վարկը կտրամադրվի հետևյալ պայմաններով.
Վարկի տոկոսադրույքը՝ լողացող։
Վարկի տրամադրման վերջնաժամկետը՝ 2030 թվականի դեկտեմբերի 31։
SOFR + 0.8% մարժա (հաշվի առնելով SOFR-ի տոկոսադրույքը 2025 թվականի սեպտեմբերի 29-ի դրությամբ՝ 4.13%): Վարկի լողացող տոկոսադրույքը՝ 4.93%:
Պահուստային վճարը կկազմի տարեկան 0.15%: Այն կհաշվարկվի չօգտագործված վարկի գումարի վրա: Հիմնական գումարը կմարվի 34 հավասար կիսամյակային վճարումներով (2035 թվականի դեկտեմբերի 15-ից մինչև 2052 թվականի հունիսի 15-ը):
Վարկի ժամկետը կկազմի 27 տարի, ներառյալ 10 տարվա արտոնյալ ժամանակահատված: Վարկի սպասարկման վճարումները կկատարվեն կիսամյակային ձևով, մասնավորապես՝ յուրաքանչյուր տարվա հունիսի 15-ին և դեկտեմբերի 15-ին:
