Նազիկ Ավդալյանը հերքում է
Դեկտեմբերի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր ծանրամարտի Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանին։ Այդ հանդիպումից հետո մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ Փաշինյանն առաջարկել է նրան դառնալ պատգամավորի թեկնածու՝ ներառելով նրան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում:
24News-ը կապ հաստատեց Նազիկ Ավդալյանի հետ, հասկանալու՝ արդյոք տեղեկություններն իրական են և նման առաջարկ ստացել է նա վարչապետից, թե՝ ոչ։
«Նման բան չի եղել ընդհանրապես։ Լրիվ սուտ տեղեկություններ են։ Ես վարչապետի մոտ գնացել եմ իմ ծրագրի շրջանակներում։ Նման առաջարկ չի եղել, նույնիսկ խոսակցություն չի եղել։ Ամեն ինչ անում ենք, որ որևէ բան չքաղաքականացվի, բայց մեր երկրում չի լինում»,-ասաց նա։
Ավդալյանն ընդգծեց, որ ոչ մի պարագայում քաղաքանությամբ զբաղվելու ցանկություն չունի։
«Ես իմ գործունեությունն անում եմ իմ սպորտի ոլորտում, իմ խնդիրն է զարգացնել սպորտը, այդքան բան։ Կայքերն այդպիսի բաներ են գրում իրենց դիտողականության համար, եթե մտնեն իմ էջը, կտեսնեն, պարզ երևում է իմ գործունեությունը, բայց դե ում ինչ ձեռք տալիս է՝ խոսում են։ Ում հետաքրքիր է կմտնի, կնայի։ Ում չէ՝ ուղղակի ինչ-որ նկարի հետ կապված կխոսի։ Ես ներկայացրել եմ իմ ծրագիրը, որը միտված է սպորտի զարգացմանը։ Պարզ գրված է, ի՞նչ քաղաքականություն, ի՞նչ բան»,-եզրափակեց Նազիկ Ավդալյանը։
Հասմիկ Սարգսյան
