Կայունության հենասյան ձևավորումը գլոբալ վերափոխման դարաշրջանում. Արա Այվազյան

«Առաջարկ Հայաստանին» նախագծի շրջանակներում, ՀՀ նախկին արտգործնախարար, Դիվանագետների համահայկական խորհրդի հիմնադիր անդամ Արա Այվազյանը ներկայացրել է իր մոտեցումները՝ «Հայաստան-Իրան-Ռուսաստան կենսական համագործակցությունը որպես կայունության հենասյուն» թեմայով.


Սառը պատերազմի նախկին բաժանարար կարգի միակ մասունքը, թերևս, մնաց հայ-թուրքական փակ սահմանը, որը Հարավային Կովկասը տասնամյակներ շարունակ պահեց յուրատեսակ «ստրատեգիական սառեցման» վիճակում։ 2020 թվականի 44-օրյա պատերազմը նշանավորեց աշխարհաքաղաքական այդ իներտության խզման սկիզբը՝ արագացնելով տարածաշրջանային հավասարակշռության վերաձևավորման գործընթացները։

Հոկտեմբերին Մոսկվայում մասնակցում էի Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) կազմակերպած մի միջազգային համաժողովի։ Մասնակցում էին Ռուսաստանի, Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները։ Քննարկումը դուրս եկավ զուտ ակադեմիական շրջանակներից։ Այսօրվա տարածաշրջանային զարգացումների ֆոնին թեման խիստ արդիական է։ Տարածաշրջանային համագործակցության այս ձևաչափը՝ Հայաստան-Ռուսաստան-Իրան եռանկյունը, այսօր բյուրեղանում է և սկսում ընկալվել որպես Հարավային Կովկասում կայունության հնարավոր հենակետ՝ արագացող գլոբալ փոխակերպումների պայմաններում։


Ուկրաինայի շուրջ ճգնաժամի հետևանքով Եվրասիայի տրանսպորտային աշխարհագրության փոփոխության և ցամաքային երթուղիների համար մրցակցության աճի պայմաններում Հարավային Կովկասը վերածվում է տարածքի, որտեղ որոշվում է եվրասիական կապակցվածության ապագա ճարտարապետությունը։ 21-րդ դարում պետությունների ռազմավարական նշանակության հիմնական չափանիշը դառնում է ոչ թե դրանց չափը, այլ՝ հաղորդակցություններին, լոգիստիկ հանգույցներին և տարանցիկ մայրուղիներին կայուն հասանելիություն ապահովելու կարողությունը։ Հենց այս հարթությունում տարածաշրջանը դառնում է Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի, ԵՄ և ԱՄՆ-ի շահերի հատման գոտի, որտեղ ուժային քաղաքականությանը զուգահեռ վճռորոշ դեր են սկսում խաղալ ենթակառուցվածքային լուծումները։

2020 թվականից հետո Թուրքիայի արևելյան ընդլայնումը և թյուրքական աշխարհի ստեղծման հայեցակարգը երկարաժամկետ տեսական նախագծերի ոլորտից անցան գործնական հարթություն։ Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գաղափարի վերակենդանացումը Անկարայում և Բաքվում դիտարկվում է ոչ միայն որպես Հայաստանը մասնատելու բացառիկ հնարավորություն, այլև՝ որպես Կասպյան տարածաշրջան և այնուհետև Կենտրոնական Ասիա ու Չինաստան անմիջական ելք ապահովելու գործիք։ Սակայն նման միջանցքներն ուժի կամ սպառնալիքի միջոցով ձևավորելը՝ առանց պետությունների ինքնիշխանության և տարածաշրջանային հավասարակշռության լիարժեք հաշվառման, անխուսափելիորեն ծնում է անկայունություն։ Պատմական փորձը՝ միջպատերազմյան Եվրոպայից մինչև ժամանակակից հակամարտություններ, ցույց է տալիս, որ «մեխանիկորեն ներդրված» տարանցիկ լուծումները հաճախ դառնում են երկարաժամկետ ճգնաժամերի աղբյուր։

Այս համատեքստում Իրանը և Ռուսաստանը Հայաստանի միջոցով միացնող տարածքը ներկայանում է որպես սակավաթիվ բնական և պոտենցիալ կայուն ցամաքային երթուղիներից մեկը, որը կարող է գործել՝ անկախ քաղաքական կոնյունկտուրայից, պատժամիջոցների ռեժիմներից և ծովային սահմանափակումներից։ Այստեղ Հայաստանը դադարում է լինել տարածաշրջանային կոնֆիգուրացիայի ծայրամասային տարր և սկսում է դիտվել որպես մայրցմաքային եվրասիական կապի առանցքային օղակ։

Հայաստանի տարածքով Հյուսիս-Հարավ նախագիծը ձևավորում է այլ տեսակի լոգիստիկա՝ ինքնիշխան, համաձայնեցված և ինստիտուցիոնալապես կայուն։ Դրա սկզբունքային տարբերությունը Ադրբեջանով անցնող այլընտրանքային երթուղուց կայանում է ոչ այնքան աշխարհագրության, որքան՝ քաղաքական-ռազմավարական համատեքստի մեջ։ Ադրբեջանը գտնվում է Թուրքիայի հետ ռազմաքաղաքական խիտ համակարգման դաշտում, ինչը օբյեկտիվորեն ցանկացած հաղորդակցություն, որը անցնում է այդ երկրի տարածքով, դարձնում է կախված Անկարայի ռազմավարական առաջնահերթություններից։ Ռուսաստանի համար դա նշանակում է ՆԱՏՕ-ի անդամ երկրի ազդեցության գոտով անցնող երթուղու պոտենցիալ խոցելիություն, իսկ Իրանի համար՝ մանևրի սահմանափակում այն տարածաշրջանում, որտեղ նա ձգտում է պահպանել հավասարակշռությունը և կանխել միակողմանի գերիշխումը։

Հայաստանով անցնող երթուղին, միևնույն ժամանակ, ունի ընդլայնման ներուժ։ Դրա տրամաբանական շարունակությունն է Վրաստանի ներգրավումը՝ որպես բնական ելք դեպի Սև ծով։ Առանց վրացական ուղղության Հյուսիս-Հարավ միջանցքը մնում է մասամբ փակ, իսկ Թբիլիսիի մասնակցությամբ այն վերածվում է «Հարավ-Հյուսիս-Արևմուտք» բազմամակարդակ համակարգի, որը կապում է Բալթյան տարածաշրջանը, Սև և Կասպյան ծովերը, Պարսից ծոցը և այնուհետև Հնդկական օվկիանոսը։ Սա նախագծին հաղորդում է ոչ միայն տնտեսական, այլև՝ կայունացնող քաղաքական չափում․ Վրաստանի մասնակցությունը ստեղծում է կանխատեսելիության խթաններ և նվազեցնում է ամբողջ տարածաշրջանի կոնֆլիկտածին ներուժը։

Այս լույսի ներքո Հայաստան-Ռուսաստան-Իրան եռանկյունին ներկայանում է ոչ թե որպես որևէ մեկի դեմ ուղղված բլոկ, այլ՝ որպես կառուցվածքային կայունացման մեխանիզմ։ Այն չի բացառում համագործակցությունը ուժային այլ կենտրոնների հետ և չի հակասում բազմակողմ ձևաչափերին, այլ, ընդհակառակը, ստեղծում է ենթակառուցվածքային հիմք, որի վրա տարբեր դերակատարների շահերը կարող են հատվել առանց ուղիղ բախման։

Իրանի համար այս պահը ստանում է առանձնահատուկ նշանակություն։ Նրա՝ ավանդաբար զգուշավոր և ինքնաբավ արտաքին քաղաքականությունը երկար ժամանակ ապահովել է կայունություն ճնշումների պայմաններում, սակայն 12-օրյա պատերազմը և Հարավային Կովկասի դինամիկան պահանջում են ավելի ակտիվ ինստիտուցիոնալ ներկայություն։ Հայաստանի հետ կապի պահպանումն այստեղ ոչ այնքան տնտեսական հարց է, որքան՝ ռազմավարական հավասարակշռության և ազգային անվտանգության տարր։

Ռուսաստանն իր հերթին, պատժամիջոցների սահմանափակումների, գլոբալ լոգիստիկայի փոփոխության և Արևմուտքի հետ երկարաժամկետ առճակատման պայմաններում ստիպված է որոնել այլընտրանքային ցամաքային երթուղիներ և դիվերսիֆիկացնել տրանսպորտային լուծումները։ Այս տրամաբանության մեջ հայկական ուղղությունը դադարում է երկրորդական լինելուց։ Սակայն դրա լիարժեք իրականացման համար անհրաժեշտ է հաղթահարել տարածաշրջանի հնացած ընկալումը և ճանաչել, որ ժամանակակից աշխարհատնտեսության մեջ որոշիչ գործոնը պետության ֆունկցիոնալությունն է, և ոչ՝ ֆորմալ մասշտաբը։

Այս իրավիճակում Հայաստանը կանգնած է գոյաբանական ընտրության առաջ։ Ռազմավարական եռանկյան ներուժն օբյեկտիվորեն գոյություն ունի, սակայն դրա իրագործումն անհնար է առանց ներքին քաղաքական կամքի և երկարաժամկետ շահերի հստակ ըմբռնման։ Միայն միակողմանի զիջումների և հռչակագրային «խաղաղ օրակարգի» վրա հիմնված քաղաքականությունը չի ձևավորում կայունություն և չի ապահովում իրական սուբյեկտայնություն։ Կայունությունը ձեռք է բերվում ոչ թե հավասարակշռությունից հրաժարվելով, այլ՝ այն ինստիտուցիոնալացնելով։

Հայաստան-Ռուսաստան-Իրան եռանկյունին վերադարձ չէ անցյալի մոդելներին և ոչ էլ՝ Արևմուտքի հետ համագործակցության այլընտրանք։ Դա ժամանակակից զսպման և կապակցվածության ճարտարապետություն կառուցելու փորձ է, որտեղ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և կանխատեսելիությունը դառնում են բազային արժեքներ։ Դրա հաջողությունը կախված է նրանից, թե արդյոք Երևանը կկարողանա՞ ձևավորել ռազմավարություն, որը կողմնորոշված կլինի ոչ թե տակտիկական կոմպրոմիսների, այլ երկարաժամկետ կայունության վրա՝ ռազմավարություն, որի մեջ Հայաստանի տարածքով անցնող և Վրաստանի միջոցով մինչև Սև ծով ընդլայնված Հյուսիս-Հարավ միջանցքը կդառնա նոր եվրասիական իրականության օրգանական մաս։

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Օրբանը նամակ է գրել Պուտինին Սրա համար պատասխան են տալու․ Վարդան Ղուկասյանի կտրուկ խոսքը դատարանում (video) Ոստիկանները ձերբակալել են երիտասարդին․ որն է պատճառը Պոլսի հայոց պատրիարքը հանդիպել է Թուրքիայի ներքին գործերի նախարարի հետ «Լուրջ խմորումներ․ ՔՊ-ից կանչել, հարցեր են տվել․․․»․ մանրամասներ (video) Պարո'ն Դադունց, ի՞նչ անենք Արման Բաբաջանյանի հետ (video) 3-ամյա Տիգրանը մահացել է պարանոցի օրգանների բութ առարկաներով սեղմման հետևանքով․ ՔԿ-ն մանրամասնում է Միքայել Սրբազանը հետազոտվում է, վիրահատության օրը դեռ նշանակված չէ Կամբոջան և Թաիլանդը հայտնել են նոր զոհերի մասին «Կարգի՛ հրավիրեք ձեզ»․ ՔՊ-ից դուրս մնացած Հայկ Սարգսյանի նյարդերը տեղի տվեցին (video) Փողոցային առևտուր իրականացնող մարդկանց կոռուպցիայի մատերիալ են դարձնում․ Արթուր Չախոյան (video) Ինչ ասել էր՝ տվեց, հիմա ո՞ւմ պիտի տա՝ մե՞զ․ Հարցում (video) «Подонок, բերանդ չբացես ու Միքայել Սրբազանի մասին չխոսաս»․ արցախցին՝ Բաբայանին (video) Տիգրան Ավինյա՛ն, ուշադիր լսիր․ Արթուր Չախոյանը դատախազության դիմաց ձայնագրություն միացրեց (video) #ՈՒՂԻՂ․ Կտեսնե՛ք՝ հունվարի սկզբից ինչ ենք անելու․ Գառնիկ Դանիելյան (video) Վարչապետ Փաշինյանը, որը նույնիսկ մի շան տնակ չի կարող կառավարել, շուտով կարող է իրեն հռչակել հաջորդ Ամենայն Հայոց կաթողիկոս Տիգրան Ավինյանը հողի գող է. Հայկ Սարգսյանը կբողոքարկի կուսակցության վարչության որոշումը. Հրապարակ «Պղծուհի Գալյա՛ն», չգիտեմ՝ ինչ օրգաններով ես հասել էդ պաշտոնին․ Արմինե Ադիբեկյան (video) Երևանյան գողության մեխանիկան. Անչափահասներից մեկը գրկել է զոհին, մյուսը վերադարձրել դրամապանակն արդեն առանց փողի Արցախցին պոռթկաց․ «Негодяй-ներ, էդ ու՞մ վրա եք դուրս եկել»․ Անաստաս Իսրայելյան (video) «Շան թուլե՛ք, ձեր ազգուտակով է դա գրվելու»․ Արշակ Զաքարյան (video) Խուլիգանություն՝ Երևանում. տասը հոգի տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին Կայունության հենասյան ձևավորումը գլոբալ վերափոխման դարաշրջանում. Արա Այվազյան Եկեղեցու դեմ պшտերшզմի նպատակներից է հոգևորականներին «քաղաքականությամբ» զբաղվելու իրավունքից հրաժարեցնելը. Մելիքյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am