Համաձայնագիրը խաղաղության հիմքն է, եթե կա բարի կամք և փոխադարձ հարգանք. իսպանացի պատգամավոր
Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն դրական է համարում Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսությունը։ Նա կարծում է, որ կողմերի միջև բանակցությունները և համաձայնագրերը խաղաղության ու կայունության հիմքն են, սակայն անհրաժեշտ է, որ դրանք կատարվեն բարի կամքով և փոխադարձ հարգանքով։Ջոն Ինյարիտուն նման տեսակետ է արտահայտել «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում՝ անդրադարձ կատարելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագրին և Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատման համար դրա նշանակությանը։ Իսպանացի պատգամավորի բնորոշմամբ՝ երկար տարիներ հակամարտության մեջ ապրած երկրների համար երկխոսությունը շատ կարևոր է, ինչն, այդուհանդերձ, պետք է հիմնված լինի բարի կամքի և փոխադարձ հարգանքի վրա։ «Անկասկած, երկխոսությունը, բանակցությունները և համաձայնագրերը խաղաղության ու կայունության հիմքն են, քանի դեռ դրանք իրականացվում են բարի կամքով և փոխադարձ հարգանքով։ Հայաստանի և Ադրբեջանի դեպքում մենք գործ ունենք խորը արմատներ ունեցող պատմական հակամարտության հետ, որը տարածվում է երկու հանրապետությունների սահմաններից շատ ավելի հեռու։ Հայոց ցեղասպանությունը, 1990-ականների ջարդերը նախկին Խորհրդային Ադրբեջանի Հանրապետությունում, Լեռնային Ղարաբաղի համար պատերազմները և էթնիկ զտումների՝ վերջերս տեղի ունեցած գործողությունները, բոլորը երկար և ցավոտ պատմական վերքի մաս են կազմում»,-նշել է Ջոն Ինյարիտուն։
Պատգամավորն ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ, այդուհանդերձ, չնայած Երևանի ու Բաքվի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրին, Ադրբեջանը շարունակում է առաջ մղել այսպես կոչված արհեստածին «Արևմտյան Ադրբեջան»-ի կեղծ խոսույթը՝ այդ անվան տակ քողարկելով սեփական տարածքային նկրտումները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ։
«Միևնույն ժամանակ, մենք ականատես ենք եղել, թե ինչպես է Ադրբեջանի կառավարությունը մեծ ներդրումներ կատարում իրականությունը խեղաթյուրելու մեջ՝ խթանելով այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»-ի կեղծ պատմությունը, որն իրականում վերաբերում է Հայաստանի ինքնիշխան տարածքին»,-ընդգծել է իսպանացի պատգամավորը։
Նա դրական է համարում այն հանգամանքը, որ երկու պետություններն էլ մասնակցում են երկխոսությանը և կարծում է, որ այս քայլերը կարող են տանել ճիշտ ուղղությամբ։
«Այնուամենայնիվ, խնդիրը մնում է շատ ավելի լայն․ երկարաժամկետ հեռանկարում անհրաժեշտ կլինեն ավելի համապարփակ և համակարգված միջազգային ջանքեր՝ իրական հաշտեցման հասնելու համար»,- նշել է Ջոն Ինյարիտուն։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
