Ադրբեջանը նոր բացատրություն է հնչեցրել Հայաստանի Սահմանադրությունը փոփոխելու իր պահանջի վերաբերյալ
Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը «The Holland Times»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ 2025 թվականը պատմականորեն նշանակալի փուլ է դարձել ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների, այլև ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար։ Այս մասին հայտնում է APA գործակալությունը:
«Մեր երկրները օգոստոսին նախաստորագրել են խաղաղության պայմանագրի նախագիծը։ Մենք հույս ունենք, որ այն կարող է ստորագրվել հաջորդ տարի։ Երկու շաբաթ առաջ ԵԱՀԿ-ն ավարտել է Մինսկի խմբի և դրա հետ կապված կառույցների լուծարման գործընթացը։ Մինսկի խումբը 2020 թվականից ի վեր անգործունակ մարմին է եղել։ Մեր նպատակն է կայուն խաղաղություն ապահովել մեր երկրների միջև։ Դրա համար անհրաժեշտ է Հայաստանի Սահմանադրությունը համապատասխանեցնել նախաստորագրված խաղաղության պայմանագրին։ Դրանից հետո պայմանագիրը կարող է ստորագրվել և վավերացվել երկու կողմերի կողմից», - հայտարարել է Էլչին Ամիրբեկովը։
ՀՀ Սահմանադրության և նախաստորագրված խաղաղության պայմանագրի անհամապատասխանության մասին միտքը նոր է և հայկական կողմից դեռևս մեկնաբանությունների չի արժանացել։ Մինչ այժմ Բաքվում այլ «բացատրություններ» են առաջ քաշում իրենց անհեթեթ պահանջի վերաբերյալ։
NEWS.am
