Գյումրիում սպանությունների հեղինակ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել նաև ապօրինի զենք կրելու համար
Գյումրիում սպանությունների հեղինակ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել նաև ապօրինի զենք կրելու համար:
ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի (սպանությունը) (2 դրվագ) և 334-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելը) հատկանիշներով:
Անձը ձերբակալվել է:
Ինչպես հայտնել ենք, Գյումրիում դաժան սպանություն է տեղի ունեցել. որդին սպանել է հորն ու մորը:
ՆԳՆ ոստիկանությունը մանրամասներ է հայտնել՝ նշելով, որ փրկարարական ծառայողները դուռը բացելուն պես հայտնաբերել են այդ հասցեում բնակվող ամուսինների դիերը։ Պարզվել է, որ 37-ամյա տղամարդը դանակահարել է հորը և մորը՝ 64-ամյա Սայադ Ա․-ին և 63-ամյա Նազելի Ա․-ին, որի արդյունքում նրանք մահացել են։
