Յուրաքանչյուր հայ պետք է գիտակցի՝ չունես պատմական հիշողություն՝ չունես ոչ ներկա, ոչ էլ ապագա
Արևելագետ Գոռ Գևորգյանը գրում է․ «Տարածաշրջանի այսպես կոչված «խաղաղության բաստիոն Ադրբեջանը», որն Ալիևի գլխավորությամբ իբր պատրաստվում է վերջ դնել հայատյացությանը և Հայաստանի հետ սկսել «որակապես նոր հարաբերություններ», օրեր առաջ գնդապետի կոչում շնորհեց 2004 թվականին՝ քնած ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին։
Պաշտոնական Բաքվի այս քայլը շատ ավելի խոսուն է, քան մնացած բոլոր խաղաղասիրական հավաստիացումներն առ Հայաստան։ Այդ առումով, չափազանցություն չէ արձանագրել, որ գնդապետ Ռամիլ Սաֆարովի կերպարն՝ Ալիևյան «խաղաղության» հավաքական բանաձևի անբաժանելի մասն է։
Չեղարկելով պատրանքները, արձանագրենք, որ ո´չ պատերազմ ունենք ո´չ էլ խաղաղություն։ Միջազգային հարաբերություններում սա վաղուց հայտնի կարգավիճակ է (Armistice without peace), որը պայմանավորված դերակատարներով կարող է շատ ավելի վտանգավոր սպառնալիք լինել տվյալ դեպքում Հայաստանի համար:
Պատմությունը փաստում է, որ ինքնության նահանջի, անվտանգության թուլացման և պետական արժանապատվության հաշվին խաղաղություն չի կարող կառուցվել։ Այդ «կառուցվող խաղաղությունը» լավագույն դեպքում ընդմիջում է՝ հաջորդ ծանր ճգնաժամից առաջ։
Մերօրյա իրողություններում, հատկապես ընդգծված է մեկ վտանգավոր միտում․ ՀՀ օրվա իշխանությունն Ադրբեջանի հետ «դարակազմիկ խաղաղության» կարգախոսի ներքո փորձում է վերաիմաստավորել նաև մեր պատմությունը՝ ոչ թե ճշմարտության որոնման, այլ սեփական քաղաքական ուղեգիծն արդարացնելու նպատակով․ անցյալը ներկայացվում է որպես «պատմական սխալների շղթա» կամ «կոլեկտիվ մեղավորության» հետևանք, իսկ պետական հնարավոր դիմադրությունը (խոսքը պատերազմին չի վերաբերում)՝ որպես «արկածախնդրություն» և այլն։
Քաղաքական այս իմպերատիվը զրկում է հասարակության զգալի հատվածին սթափ դատողությունից, քաղաքական ողջախոհությունից և հայկական ինքնության պատմական հենարանից՝ հայկական պետությունը քաղաքակրթական սուբյեկտից վերածելով զուտ տեխնիկական կառույցի։
Հ.գ. Հովհաննես Թումանյանն ասում էր․ «Անցյալի պատմությունը մի լուսավոր լապտեր է, որ ամեն մի ժողովուրդ ձեռքին պետք է ունենա իր ճամփեն անմոլոր գնալու համար»։
Հայ ժողովուրդը չի կարող քայլել առանց այդ թումանյանական լապտերի, եթե անգամ օր ու գիշեր Ալիևը խաղաղություն քարոզի, մյուսներն էլ զանազան խոստումներ շռայլեն։
Յուրաքանչյուր հայ պետք է գիտակցի՝ չունես պատմական հիշողություն՝ չունես ոչ ներկա, ոչ էլ ապագա։ Հայաստանի համար իրական խաղաղությունն այլընտրանք չունի»:
