Մոսկվան պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման համար
Մոսկվան ցանկանում է, որ տարածաշրջանում կայունություն և բարգավաճում լինի, որպեսզի հնարավոր լինի համագործակցել տարածաշրջանի երկրների հետ՝ դրա ներուժը բացահայտելու և բարիդրացիական հարաբերությունները ամրապնդելու համար։
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն այդ մասին ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը՝ անդրադառնալով Հարավային Կովկասում ՌԴ շահերին ու հետաքրքրություններին։
Անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ ռուս դիվանագետը նշել է․ «Այսօր Բաքուն և Երևանը վարում են հիմնականում ուղիղ երկխոսություն՝ առանց միջնորդների։ Երկու հանրապետությունների արտաքին գործերի նախարարները նախաստորագրել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստը։ Հաշվի առնելով ռուսական կողմի և անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ներդրումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում՝ մենք ուրախ կլինենք մեր գործընկերներին հյուրընկալել մեր հարթակում՝ վերջնական փաստաթուղթը ստորագրելու համար»։
