Ինչպե՞ս կարելի է տոկալ խավարի դեմ, երբ ավելի դյուրին է մեղքին ու արատին տրվելը․ Հայր Շնորհք աբեղա
«Եվ ինչպե՞ս կարելի է տոկալ եւ ընդդիմանալ խավարի դեմ պատերազմում, երբ ավելի դյուրին է մեղքին ու արատին տրվելը, քան մեղքին ընդդիմանալը». Հայր Շնորհք աբեղա Պալոյան
«Սիրելինե՛ր, տարօրինակ մի՛ համարէք այն այրող նեղութիւնը, որ ձեզ փորձելու համար է, որպէս թէ մի տարօրինակ բան պատահած լինէր ձեզ։ Այլ, որպէս Քրիստոսի չարչարանքներին մասնակիցներ, ուրա՛խ եղէք, որպէսզի նրա փառքի յայտնութեան ժամանակ էլ ցնծաք եւ ուրախանաք» (Պետր. 4:12-13):
Եվ ինչպե՞ս կարելի է տոկալ եւ ընդդիմանալ խավարի դեմ պատերազմում, երբ ավելի դյուրին է մեղքին ու արատին տրվելը քան մեղքին ընդդիմանալը, քան սկզբունքային ու առաքինի լինելը: Ավելի դյուրին է անդունդից, առանց ճիգի, վայր ցատկելը, քան ժայռը մագլցելով, ճիգ գործադրելով՝ բարձրանալը, ինձ թվում է՝ հասկանում եք, թե ինչի մասին է խոսքը: Այսպիսով, նրանք ովքեր Աստծո՝ իրենց Արարչի, կամքի համաձայն են նեղություններ կրում, թող Աստծո խնամքին հանձնեն իրենց հոգիները, «Ուստի Աստծու կամքի համաձայն չարչարվողները թող իրենց հոգիները հավատարիմ Ստեղծողին հանձնեն բարեգործություն անելով» (Ա Պետր. 4:19)։ Եւ որքան կարելիությունը թոյլ է տալիս սուրբ սիրտ ձեռք բերեն, առաքինություններ գործեն եւ բարիք կատարեն, առաքյալի շուրթերով այսպես է սովորեցնում մեր Տերը:
Հետո՝ հարկ է միշտ աղոթել ու չտրտնջալ, եւ անպայման Աստված պաշտպան կկանգնի Իր ընտրածներին, ովքեր օր ու գիշեր աղաղակում են Նրան, ու թեև այժմ Տերը դանդաղում է նրանց օգնութեան հասնելու, սակայն այրի կնոջ նվիրական համառությամբ մշտարթուն աղոթքներով, անդադար ու անզբաղապէս անհանգստանցնենք մեր Դատաւորին՝ Աստծո ուշադրությունն ու ողոմությունը մեր վրայ ընդունելով: Աստծո ուշադրությանն ու ողոմությանն արժանանում են մեզանից նրանք, ովքեր նախ՝ սպառել են Աստծո կողմից տրված բոլոր հնարավոր միջոցները, ապա նաև նրանք, ովքեր օր ու գիշեր աղոթքի աղաղակներ են վեր բարձրացնում Նրան»:
Հատված Հայր Շնորհքի կիրակնօրյա քարոզից, 14 դեկտեմբերի 2025թ.
