Քվե ստանալու համար էլի դառավ բոլորիս վարչապետը․․․
Տեսեք ո՜նց է Փաշինյանն ապահովագրում կառավարությանը, ի՜նչ պաշտպանական դիրք է բռնում․ «Կառավարությունը չի կարող քաղաքացիներին բաժանել աղանդավորների և ոչ աղանդավորների»։ Հասարակությանը պառակտող, սև ու սպիտակի բաժանող իշխանության ղեկավարը ուզում է ցույց տալ, որ հասարակությանը հոգևոր աշխարհում փրկում է բևեռացուցից։ Բայց միանշանակ պիտի արձանագրել, որ սա ընտրական հաշվարկով արված, իրավական լեզվով փաթեթավորված ուղերձ է։ Եթե վաղը ընդդիմությունը բարձրացնի թեման՝ «իշխանությունը աղանդավորների վրա է հենվում», իշխանությունն արդեն ունի պատրաստի պատասխան՝ մենք բոլոր քաղաքացիների վարչապետն ենք։ Այստեղ կա քվեի պարզ հաշվարկ,հավատքի մասին խոսք լինել չի կարող։
Քաղաքական տեխնոլոգիայի լեզվով՝ աղանդավորական կազմակերպությունները «փոքր, բայց վստահելի էլեկտորատ» են։ Փաշինյանն այս խմբերի վրա է կենտրոնացել։ Նա բառացի չի ասում ՝ «մենք աջակցում ենք աղանդներին», այլ ասում է՝ պետությունը ձեզ չի պիտակավորում։ Սա շատ նուրբ, բայց կարևոր տարբերություն է․ ուղերձը լսում է հենց նա, ում պետք է։ Ընտրություններից առաջ «նեղ» բայց կազմակերպված խմբերը դառնում են կարևոր։ Աղանդավորները, որպես կանոն, կազմակերպված են, ունեն ներքին կարգապահություն, հաճախ քվեարկում են համախմբված։ Այս հայտարարությունը ոչ թե աղանդեների մասին է, այլ պետության ինքնապաշտպանական դիրքորոշման՝ իրավական, քաղաքական և գաղափարական հարթություններում։
Ութ տարի է արդեն, ինչ ծանոթ եք Փաշինյանի ձեռագրին և քիչ թե շատ բանական մարդը իսկույն գլխի կընկնի, որ Փաշինյանին որ աղանդավորներն են հետաքրքիր, ոչ էլ ոչ աղանդավորները, ոչ վարձու տներում քարոզիչեներն են հետաքրքիր, ոչ էլ Եկեղեցու հավատացյալները։ Նրան հետաքրքիր է միայն իր աթոռը ամեն գնով պահելը՝ ում միջոցվով որ ստացվի։ Ժողովրդական խոսքով եմ ուզում ամփոփել, որ տարածված է․ «ԹԵ որ էնոնքյ աղվեսն են, ես էնոնց պոչն եմ»։ Սա նշանակում է՝ եթե ինքը խորամանկ է, մենք էլ պակաս խորամանկ չենք ու տեսնում ենք, թե իր ուզածն ինչ է։ Իրեն աղանդավորները հետաքրքիր են այնքան, որ քվե տան․․․ Մայր Եկեղեցուն էլ հալածում է, որ նրանց աչքին բարձրանա․․․ 8 տարի դռդռացնում է, բայց խաբում, թե ջութակ է նվագում․․․ Մենք մի ժողովուրդ ենք իրականում՝ աղանդավորները և ոչ աղանդավորները։ Սակայն Փաշինյանը փորձում է 2026 թվականի ընտրություններին ընդառաջ մեզ կրկին իրար դեմ հանել՝ ինչպես մի ժամանակ սևի ու սպիտակի բաժանմամբ էր անում։ Մի քիչ լրջացեք։ Ճիշտ է, բարդ խաղ է, խաղը իրենը չի, բայց ութ տարվա մեջ գոնե այդ խաղը սովորած պիտի լինեինք․․․
Հասմիկ Բաբաջանյան
«Հրապարակ օրաթերթ»
