«Դա ոչ թե ճանապարհային քարտեզ է, այլ հայ ազգի երազանքներից և պատմական հիշողությունից հրաժարում»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին առաջարկում է ճանապարհային քարտեզ մշակել, որով Ադրբեջանը կփակի «Արևմտյան Ադրբեջանի» թեման՝ խոստանալով, որ հայկական կողմն էլ իր հերթին կփակի «Ղարաբաղի հայերի վերադարձի» թեման։ Փորձագետները սա վտանգավոր թեզ են համարում, ընդհուպ՝ մինչև Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի համար հող նախապատրաստելու հնարավորություն։ Բայց որ ամենից վտանգավորն է՝ Նիկոլ Փաշինյանը կշեռքի հավասար նժարներին է դնում «Արևմտյան Ադրբեջանի» իբր «վերաբնակեցման» և արցախահայերի՝ իրենց բնօրրան վերադարձի իրավունքի հարցերը։ Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանն ընդգծում է՝ զուտ միջազգային իրավունքի տեսանկյունից այս հայտարարությունների ամենավտանգավոր կողմերից մեկն այն է, որ բնիկ ժողովուրդների հավաքական իրավունքները բերում, հավասարեցնում են, այսպես կոչված, «փախստականների» իրավունքների հետ։ «Վտանգավոր է, երբ, որպես պատասխան Արցախի ժողովրդի վերադարձին իր պատմական հայրենիք և նրա իրավունքների իրացմանը, ուզում են ներկայացնել խորհրդային տարիներին Հայաստանի Հանրապետությունում ապրող ադրբեջանցիների հարցը։ Բայց վտանգավոր է նաև այն, որ այս խոսույթը ոչ թե առաջարկ է հայկական կողմից, այլ դա Ադրբեջանի պայմանն է՝ առհասարակ դադարել խոսել Արցախից և դադարեցնել Արցախ վերադարձի մասին խոսույթի շրջանառումը։ Ադրբեջանն իր կողմից, «Արևմտյան Ադրբեջան» խոսույթը բերելով օրակարգ, Հայաստանի նկատմամբ իր ծավալապաշտական, տարածքային նկրտումներն է ներկայացնում հանրությանը, փոխարենը պահանջում, որպեսզի մենք դադարեցնենք խոսել վերադարձի իրավունքի մասին։ Արցախի ժողովրդի վերադարձը չէ պատասխանն «Արևմտյան Ադրբեջան» խոսույթին։ Պետք է հասկանանք, որ «Արևմտյան Ադրբեջան» խոսույթի պատասխանը Խորհրդային Միության փլուզումից հետո և Լեռնային Ղարաբաղի հակամարտության սկզբնական շրջանում Ադրբեջանում տեղի ունեցած հայ ժողովրդի զանգվածային սպանությունները և բռնի տեղահանումներն են, այսինքն՝ մենք, որպես պատասխան «Արևմտյան Ադրբեջանի», պետք է ներկայացնենք Բաքվից, Սումգայիթից, Շահումյանից, Մարաղայից բռնի տեղահանված հայերի հարցը և, ընդհանրապես, մեր բոլոր այն հայրենակիցների հարցը, որոնք ենթարկվեցին ագրեսիայի, մազապուրծ եղան Ադրբեջանի Հանրապետությունից։ Այս հարցի բարձրացման փոխարեն Հայաստանի Հանրապետության իշխանությունները, իբրև թե որպես պատասխան, հակադարձում են՝ խոսելով Արցախի ժողովրդի իրավունքներից։ Դրան էլ գումարած ներկայացնում են, որ Ղարաբաղյան շարժումը փակված է, և այն օգտակար չէ, նույնիսկ վտանգավոր է։

 

 

Կարծում եմ՝ սա իրականության հետ որևիցե կապ չունեցող խոսույթ է, դա ոչ թե ճանապարհային քարտեզ, այլ հայ ազգի երազանքներից և պատմական հիշողությունից հրաժարում է, ոչ թե ինչ-որ իրավիճակի լուծում։ Կրկնում եմ՝ որպես պատասխան «Արևմտյան Ադրբեջան» խոսույթին՝ կարող ենք քննարկել Բաքվից, Սումգայիթից և այլ վայրերից մազապուրծ եղած մեր հայերի վերադարձի հարցը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը։

Իսկ մեր հայրենակիցների վերադարձն Արցախ իրատեսական չհամարող Նիկոլ Փաշինյանը տողատակերով կամ էլ ուղղակի խոսքով պարբերաբար խոսում է նաև պատերազմի հնարավորության մասին։ Երկրի ղեկավարն ամեն կերպ ցույց է տալիս, որ իր թիմի համար «փակված» է Արցախի հարցը, արցախահայերի՝ իրենց բնօրրան վերադարձի հարցը, մյուս կողմից ակնարկում է՝ հակառակի մասին հայտարարությունները շատ վտանգավոր են, գուցե ակնարկելով, թե այդ դեպքում փխրուն, մազից կախված, հազարավորների կյանքի և առողջության գնով ձեռք բերված «խաղաղությունը» կարող է սասանվել։ Կարծես հաստատում է՝ քանի իրենք են Հայաստանի իշխանությունները, Արցախի թեման չի քննարկվելու։ Պատգամավորի խոսքով, միայն վերջին հարցազրույցով չեն հաստատվում նշված հանգամանքները։ «Շատ վաղուցվանից սկսած՝ Նիկոլ Փաշինյանը և իր իշխանությունը բազմիցս նշել են, որ Արցախի հարցը, որպես այդպիսին, իրենց օրակարգում չկա և փակ է իրենց համար։ Արցախ վերադարձի հարցը նույնպես չի կարող լինել իրենց օրակարգում, բայց շատ լավ հասկանալով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և Արցախը, որպես այդպիսին, հայ ազգի գենետիկական մակարդակում են դրված, և այդքան հեշտ չի լինելու դրանցից հրաժարումը, բնական է, որ նրանք պետք է սկսեն արդարացնել, հիմնավորել և նույնիսկ, ինչու չէ, վախեցնել սեփական ժողովրդին պատերազմով։ Այսինքն՝ խոսել այն մասին, որ եթե բարձրաձայնենք մեր պատմական իղձերի, նպատակների մասին, ապա դրա արդյունքում կստանանք պատերազմ։ Այդ նույն տրամաբանությամբ կարող ենք նաև հասնել նրան, որ խոսելով Հայաստանի ինքնիշխան լինելու մասին՝ նույնպես կարող ենք ստանալ պատերազմ։ Դա ոչ այլ ինչ է, քան վախեցնել սեփական ժողովրդին պատերազմով։ Դրա հիմնական նպատակն է արդարացնել այն քաղաքականությունը, որն իրենք վարում են և վարել են Արցախի և Արցախի ժողովրդի նկատմամբ, քանի որ պահանջ կա Ադրբեջանի և Թուրքիայի կողմից «փակել» Արցախի հարցն ընդհանրապես՝ ոչ միայն ներկաների, այլ նաև ապագա սերունդների համար»,-նշում է մեր զրուցակիցը։

 

 

Բայց մյուս կողմից կարող են հակադարձումներ հնչել, որ ԱԳ նախարարը, ԱԺ նախագահը կամ էլ տարբեր գերատեսչությունների պաշտոնյաներ բարձրացնում են Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, Բաքվում պահվող մեր ռազմագերիներին և ընթացող «դատավարություններին» առնչվող խնդիրները։ «Կարծում եմ՝ այն ուշադրությունը, գոնե փաստաթղթային առումով, որը միջազգային հանրությունը ցուցաբերում է ինչպես Արցախ վերադարձի հարցի, այնպես էլ այսօր Բաքվում գտնվող ռազմագերիների շուրջ, ստիպում է, որպեսզի այս իշխանությունները, այնուամենայնիվ, անդրադառնան այդ հարցերին։ Այլ խնդիր է, թե ինչ ուժգնությամբ և ձևով են անդրադառնում այդ հարցերին։ Շատ լավ գիտենք, որ եթե այս իշխանությունները իրոք ցանկանային զբաղվել ռազմագերիների հարցով, ապա այդ «Խաղաղության պայմանագիր» կոչվածի մեջ, որը նախաստորագրվել է, կամ ցանկացած հանդիպման ժամանակ, բանակցային սեղանին կդրվեր ռազմագերիների, անհետ կորածների, ինչպես նաև մի ողջ ժողովրդի՝ 150 հազար արցախահայության՝ իր պատմական հայրենիք վերադառնալու հարցերը։ Ադրբեջանի հետ բանակցություններն ազգային իշխանությունները կվարեին այս ռակուրսով, այլ ոչ թե խոսել խաղաղության և բանակցությունների մասին՝ ընդհանրապես սեղանից վերացնելով իմ թվարկած հանգամանքները, որոնք հենց հիմնական ցուցիչներն են՝ արդյո՞ք մենք գնում ենք իրական խաղաղության, թե՞ ոչ։ Դա հենց այդ հիմնական ցուցիչն է, որ մենք ասում ենք արժանապատիվ խաղաղություն։ Արժանապատիվ խաղաղություն ասվածը սոսկ բառակապակցություն չէ, որը, ասենք, հնչում է ընդդիմադիր դաշտի, արցախահայության, Արցախի հարցերով զբաղվող գործիչների կողմից։ Դա շատ առարկայական, հստակ պայմաններով խաղաղություն է, որն այսօր, ցավոք, չենք տեսնում, որովհետև ամեն ինչ զիջելով, ամեն ինչ տալով, այն էլ՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունների պարագայում (գիտենք, թե իրենք ինչպիսի հանցագործ նկրտումներ ունեն հայ ազգի նկատմամբ), խաղաղության մասին խոսելն անիմաստ է»,-եզրափակում է Հակոբ Հակոբյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

դիտվել է 104 անգամ
Լրահոս
Վալերիյ Օսիպյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի. փաստաբան Կրկին բախումներ են տեղի ունեցել Թաիլանդի և Կամբոջայի սահմանին Դուստրը 76-ամյա հորը, ով ունի հենաշարժողական խնդիրներ, դուրս է հանել տնից․ 5 օր է՝ գիշերում է դրսում Ինչ տվյալներ չի տրամադրում ՊՆ-ն. Civilnet Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը «Իզմիրլյան» ԲԿ կտեղափոխվի, օրը հայտնի է «Mitsubishi»-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում․ տուժած կա Ես հենց դա կարդացի՝ հունից դուրս եկա․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) #ՀԻՄԱ․ Ե՞րբ ես հրաժարականիդ դիմումը գրում․ Վեհափառի հարցը Նիկոլին (video) #ՀԻՄԱ․«Նիկոլի վզից բռնել ու դուրս են շպրտել Հայ Առաքելական եկեղեցուց»․ Արթուր Համբարձումյան (video) 1 միլիոն 200 հազար հայ պետք է վերադառնա Ադրբեջան․ չհամարձակվե՛ք կեղծել փաստերը․ Ղևոնդյան (video) Նոր կարգավորումներ Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրում Անհավասար «հավասարություն»՝ ըստ Փաշինյանի «Դա ոչ թե ճանապարհային քարտեզ է, այլ հայ ազգի երազանքներից և պատմական հիշողությունից հրաժարում» Արտաքին միջամտության վտանգավոր զուգահեռականները Որտեղ են արտաքսելու Դոգին Զինվոր է մահացել Ներգրավվածության որոշակի նվազեցմամբ՝ առաջատար լինելու ընդգծված հավակնություններ Որ համայնքում որքան արժե տոնական զարդարանքը Մենք դեռ կվերադարձնենք Լեւոն Արոնյանին՝ ինչպես կվերադարձնենք Հայաստանին վստահությունն ու արժանապատվությունը. Լևոն Զուրաբյան Ի՞նչ կմնա Հայաստանից, եթե եկեղեցին տապալվի. հայ ազգը կարող է հպարտանալ կաթողիկոսով, նա շատ ուժեղ մարդ է, իսկ ստերը տարածվում են քարոզչության նպատակով. գերմանացի պատմաբան Այսօր Թբիլիսիում տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2025»-ը․ քվեարկությունն արդեն սկսված է 13-ամյա աշակերտը «ձախ անրակոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ Գների և պարտքի վրա կառուցված փուչիկը չի կարող կրել երկրի տնտեսական անվտանգությունը․ Անանյան Խոշոր ավտովթար՝ Երևանում. Նուբարաշենում 48-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը Ովքեր դեմ են իշխանության ապօրինությունների ամենօրյա գործելաոճին, հայտնվում են թիրախում․ Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am