Մի հատ էլ ասա՝ Հիտլերի արև
Բա չիմացաք… Պարզվում է՝ Փաշինյանին ոչ այնքան մեր հոգեւոր գործերն են հետաքրքրում, որքան Եկեղեցու վճարած ու վճարելիք հարկուտուրքը: Կարճ ասած՝ Եկեղեցուն ուզում է դարձնել հերոս հարկատու: Այս մասին նա արդեն ակնարկել էր Եկեղեցու բարենորոգության իր ճանապարհային քարտեզում, բայց ավելի պարզորոշ խոսեց Գերմանիայում, ուր մեկնել էր այդ քարտեզն իր ՖԲ էջում հրապարակելուց հետո: Հիշո՞ւմ եք, ասում էր՝ սա հոգեւոր հարց է, Էջմիածնի ապագա հավաքը հատուկ հավաք է, կաթողիկոսը պետք է լքի Վեհարանը, Վեհարանը Վեհի, ու սենց բաներ: Գերմանիայում պարզ դարձավ, սակայն,, որ էս մարդու փորացավը փողն է… Ի՜նչ կուսակրոնություն, ի՜նչ զավակ, ի՜նչ պատարագ, ի՜նչ Կճոյան, ի՜նչ բան… Փողը:
Գերմանիայի բարձրահասակ կանցլերը, ասում են, շատ աստվածավախ մարդ է եւ Հռոմի պապից վերեւ միայն Աստծուն է ընդունում: Չեմ բացառում, որ եվրոպական ղեկավարներից հենց նա է Փաշինյանին առաջինը հանդիմանել Եկեղեցու դեմ վերջինիս սանձազերծած խուլիգանությունների համար… Մի քիչ պատկառանք ունեցիր Աստծո տան հանդեպ, կեղտոտ կոշիկներովդ մի ասպատակիր այն, դու՝ հասարակ մահկանացուդ, դրա բարոյական իրավունքը չունես: Մեկն ինձ այսպիսի բաներ ասեր՝ ամոթից գետինը կմտնեի, բայց, ավաղ, այդ խոսքերն ասվել են Փաշինյանին, որ ո՛չ ամոթ ունի, ո՛չ բարոյական «տոռմուզներ»: Հենց կանցլերը ոտը քաշեց, սա լրագրողների մոտ սկսեց վատաբանել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, լղոզել իրականությունը եւ ամեն ինչ ներկայացրեց այնպես, որ Հայաստանում, իբր, ոչ ոք չգիտի, թե ինչ եկամուտներ ունի Եկեղեցին, որովհետեւ թուղթ ու թարազու չկա, հարկային դաշտում չի երեւում… Իսկ թե ՀՀ Սահմանադրությամբ ինչ իրավասություններ ու արտոնություններ ունի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, Փաշինյանը հարկ չհամարեց մանրամասնել: Ինչեւէ՝ եվրոպացի քաղաքական գործիչներ ու լրագրողներ՝ ականջները կախ լսում էին Փաշինյանին ու գլխով անում՝ ակո՜ւնք իմաստնության…
Հիմա մի պահ գանք մեր ոչխարներին (նկատի ունեմ՝ մեր գործերին): Նիկոլ, կողմնորոշվիր մի հատ, Եկեղեցուց քո ուզածն ի՞նչ է՝ փո՞ղ, հա՞րկ, տո՞ւրք, տուգա՞նք, թե՞, այնուամենայնիվ, հոգեւոր բավարարություն: Ինձ որքան հայտնի է, Եկեղեցին պետությունից անկախ է, հետեւաբար, դու չէ, որ պետք է որոշես՝ ով լինի Եկեղեցու գլուխը, ինչպիսին լինի, ինչեր անի, ինչեր չանի եւ այլն: Մյուս կողմից էլ՝ այնպես չէ, որ Եկեղեցին հարկեր չի վճարում ընդհանրապես: Դու ուզում ես ավելի՞ն ստանալ Եկեղեցուց: Եթե այո, ապա ինչո՞ւ ես փորձում դա անել պետական ռեկետի ճանապարհով՝ Եկեղեցու եւ հոգեւոր դասի դեմ այս անբռնազբոսիկ արշավանքներով: Էն եպիսկոպոսնե՞րն ինչ մեղք ունեին, որ փչացրիր քո սեւեռուն նկրտումների պատճառով: Դու գոնե գիտե՞ս, թե, որպես պետություն, որքան պարտք ունես Եկեղեցուն: Քանի՞ եկեղեցի ու մատուռ թողեցիր թուրքին, քանի՞ հազար քառակուսի կիլոմետր վանքապատկան հող հանձնեցիր օտարին հավիտենապես: Գնա հետ բեր, պարտքերդ փակիր… Այլապես՝ Եկեղեցու վաճառած մոմերն ես հաշվում, եկեղեցականների աշխատավարձերը, վայ, մի հատ գիրք ծախեցին, ՀԴՄ չտվին… Եվ գնացել, այսպիսի ճղճիմություններով Գերմանիայի կանցլեր ու Եվրոպա ես զարմացնում: Ամոթ է: Ողջ ազգով մի Եկեղեցի չենք կարողանում պահել, այն էլ՝ այս ազգի նեղ օրին հասնող Եկեղեցի, որ ներկա է մեր պետական կյանքի բոլոր ոլորտներում՝ սկսած պաշտպանությունից, արտաքին քաղաքականությունից մինչեւ առողջապահություն ու կրթություն: Ամոթ է: Մի ուրիշ պետություն երանի կտար իր կողքին այսպիսի Եկեղեցի ունենալու համար… Մենք ի՞նչ ենք անում, այսինքն՝ դու: Ուզում ես քանդե՞լ, հողի՞ն հավասարեցնել 1800-ամյա կառույցը, ինչ է, թե այն դատապարտել ու դատապարտում է բոլոր ժամանակների դավաճաններին: Եթե դավաճան չես, ինչո՞ւ ես վախենում ու խորշում Եկեղեցուց:
Եվրոպացիներին լավ ծիծաղեցրիր վրադ, ապրես: Բեռլինից մինչեւ Հռոմ արդեն խոսում են այն մասին, որ Փաշինյանը որոշել է Եկեղեցու հաշվին աշխատատեղեր բացել, հոգեւորականներին դարձնել գրանցված աշխատող, եկամուտները ճշտել, իսկ եթե բարձրաստիճան են, պարտադրել, որ հայտարարագիր լրացնեն… Լուրեր կան, որ Հռոմի պապը շոկի մեջ է:
ՀԳ. Արայիկ Հարությունյան, քեզ եմ ասում, խոսնակ, դու էլ լսիր: Գերմանիայի կանցլերի հետ Նիկոլի նկարները մի քիչ խմբագրեք: Նրա՝ լաքեյի ժպիտը նողկանք է առաջացնում ու հարիր չէ մեր պետությանը:
Էդիկ Անդրեասյան
«Հրապարակ օրաթերթ»
