Կճոյանին ամռանը նոր մեղադրանք է ներկայացվել, թեև վարույթը հարուցվել էր 2024-ի աշնանը. Factor.am
Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկսպոս Կճոյանին, որն օրերս ի թիվս այլ բարձրաստիճան հոգևորականների հանդիպել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և միացել կաթողիկոսի հեռացումը պահանջող հայտարարությանը, այս ամռանը մեղադրանք է ներկայացվել։ Այս մասին հայտնում են իրավապահ համակարգում Factor TV-ի աղբյուրները։
Քրեական վարույթը նախաձեռնվել է 2024-ի աշնանը, սակայն Կճոյանին մեղադրանք է ներկայացվել մոտ 10 ամիս անց՝ այն ժամանակահատվածում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել էր եկեղեցու վերնախավի դեմ արշավը։
Ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ Կճոյանը Արարատյան հայրապետական թեմից գումար է կանխիկացրել, ապա, ամիսներ անց տուն գնել։
Թե մեղադրանքի վերաբերյալ ինչ դիրքորոշում է հայտնել արքեպիսկոպոսը, մեզ հայտնի չէ։ Սակայն հայտնի է, որ քննության առարկա գույքը գտնվում է Երևանի Սուրբ Աբգար թագավորի փողոցում։ Հայտնի է նաև, որ Կճոյանը համապատասխան փաստաթղթեր է ներկայացրել, այն մասին, որ թեմից կանխիկացված գումարը փոխանցվել է ծնողազուրկ երեխաների օգնության ֆոնդին։
Այս տունն, ի դեպ, անցել է նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով, որով չի հիմնավորվել դրա ապօրինի լինելը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեռևս 2012 թվականին Երևանի քաղաքապետարանն Արաբկիր վարչական շրջանում գտնվող տարածքը 49 տարով տրամադրել է Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին։ Նա պետք է այս հատվածում հանգստի գոտի կազմակերպեր։
Այժմ Գլխավոր դատախազությունը հողամասի կառուցապատման իրավունքի հարկադիր դադարեցման պահանջ է ներկայացրել դատարան։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
