Ձեռնպահ մնալ Եկեղեցու ազատությունը խախտող գործողություններից․ քաղհասարակությունների պահանջը՝ Փաշինյանից

Քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ և հանրային գործիչներ հանդես են եկել հայտարարությամբ, որով դատապարտում են իշխանությունների գործողությունները, որոնք, ըստ ստորագրյալների, խաթարում են եկեղեցու ինքնավարութունը։

 Ստորև ներկայացնում ենք հայտարարության տեքստն ամբողջությամբ․

 «Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խոր մտահոգություն ենք հայտնում վերջին շրջանում Հայաստանում տեղ գտած արատավոր իրադարձությունների վերաբերյալ։ Այսօր ականատես ենք լինում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, իրավունքի գերակայության սկզբունքի, մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների և դատաիրավական համակարգի մարմինների անկախության ոտնահարումների, ինչպես նաև Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու (Եկեղեցու) ինքնավարության՝ ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային կոնվենցիաներով պաշտպանված իրավունքի կոպիտ խախտմանը։

Հայաստանի գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչները շարունակում են միջամտել Եկեղեցու գործունեության ինքնավարությանը և ազատությանը՝ խախտելով ՀՀ Սահմանադրությունը և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը, Կրոնի կամ համոզմունքի ազատության միջազգային նորմերը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախադեպային որոշումները։

Ապօրինի և դատապարտելի են իշխանության փորձերը միջամտելու եկեղեցական կառավարման մարմինների ձևավորմանը և ներքին որոշումների կայացմանը: Անընդունելի են նաև Եկեղեցու ավանդույթի, ծեսերի, խորհուրդների, նվիրապետական կարգի և եկեղեցական կյանքի այլ ոլորտների՝ դարերի ընթացքում ձևավորված կանոնի կամայական խմբագրման կամ փոփոխության ենթարկելու փորձերը։

Խստորեն դատապարտելի է նաև ՀՀ ուժային կառույցների, ներառյալ Ազգային անվտանգության ծառայության, կողմից Եկեղեցու սպասավորների նկատմամբ ճնշման գործադրումը։ Նման գործելաոճը ոչ միայն պետական պաշտոնատար անձի լիազորությունների չարաշահում է, այլև Ազգային անվտանգության ծառայության գործունեության նպատակներից և խնդիրներից անթույլատրելի շեղում։

Մտահոգիչ ենք համարում նաև քրեական արդարադատության գործիքակազմի ընտրովի գործադրումը Եկեղեցու սպասավորների նկատմամբ, անօրինական և անհարկի ազդեցություն ունենալու նպատակով, այդ թվում՝ կալանավորումը՝ որպես պատիժ և հանրային իշխանություններին ցանկալի վարքագծի դրսևորման նպատակով գործիք կիրառելը։

Անընդունելի է հանրային իշխանության ամենաբարձր քաղաքական մակարդակով շարունակվող և Եկեղեցու սպասավորների նկատմամբ ատելություն ու վիրավորանք պարունակող խոսույթի ձևավորումը, անձնական կյանքի վերաբերյալ տեղեկությունների ապօրինի տարածումը՝ գործի դնելով, ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր տեղեկատվական խողովակները։ Կարծում ենք, որ այս տեսակ գործողությունները կարող են խիստ բացասականորեն ազդել արդեն իսկ փխրուն հանրային համերաշխության վրա՝ հանգեցնելով առավել խորը բևեռացման ու անհանդուրժողականության։

Հավատացած ենք, որ Եկեղեցու ցանկացած բարեփոխում և բարենորոգում պետք է տեղի ունենա Եկեղեցու ներսում՝ կրոնական կազմակերպության գործունեության ազատության և ինքնավարության սկզբունքների հիման վրա՝ հաշվի առնելով ՀՀ Սահմանադրությունը և ՀՀ միջազգային իրավական պարտավորությունները, առանց որևէ խտրականության և այլ կրոնական կազմակերպությունների հետ հավասար պայմաններում։

Հաշվի առնելով վերոգրյալը վերստին պահանջում ենք՝

Հանրային իշխանության ներկայացուցիչներից, և հատկապես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից՝ ձեռնպահ մնալ ՀՀ Սահմանադրությունը և ներպետական օրենքները, ՀՀ միջազգային իրավական պարտավորությունները խախտող գործողություններից՝ Եկեղեցու գործունեության ազատությունն ու ինքնավարությունը, ինչպես նաև դատական իշխանության մարմինների և իրավապահ համակարգերի վրա ոչ իրավաչափ ազդեցություն ունենալուց,

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանից՝ կատարել ՀՀ Սահմանադրության պահպանմանը հետևելու իր գործառույթը։

Հանրային իշխանության ներկայացուցիչներից՝ իրենց հանրային խոսքում լինել զուսպ և պահպանել հանրային պաշտոն զբաղեցնող անձի էթիկայի և վարքագծի կանոնները, չօգտագործել ատելություն և անհանդուրժողականություն տարածող, խտրականություն և վիրավորանք պարունակող խոսույթ,

Դատավորներից՝ իրենց լիազորություններն իրականացնել անկախ և ՀՀ Սահմանադրության և մարդու իրավունքների պահպանմամբ, այդ թվում՝ ազատության իրավունքի և կալանավորումը որպես ծայրահեղ խափանման միջոց կիրառելու սկզբունքները,

Քննչական կոմիտեի և դատախազության ծառայողներից՝ իրականացնել անկախ և արդյունավետ քննություն՝ առաջնորդվելով բացառապես Սահմանադրության և օրենքների պահանջներով, ապահովել հարուցված վարույթներում ներգրավված անձանց իրավունքները, այդ թվում՝ անմեղության կանխավարկածը,

Ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության ծառայողներից՝ իրականացնել իրենց գործառույթները անկախ՝ հիմք ընդունելով բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների պահանջները, ձեռնպահ մնալ անհամաչափ և անհարկի ուժի գործադրումից և անձանց իրավունքները խախտելուց»,- ասված է հայտարարության մեջ, որի տակ ստորագրել են ներքոհիշյալ կազմակերպություններն ու անհատները։

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոն

Երևանի մամուլի ակումբ

Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ

Հանրային լրագրության ակումբ

Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ

Իրավունքի և ազատության կենտրոն ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե

Արդարության նոր մշակույթ ՀԿ

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ

Գայանե Շագոյան, Մշակութային մարդաբան

Իզաբելլա Սարգսյան, Կրոնի կամ համոզմունի ազատության հարցերով միջազգային փորձագետ

Զարուհի Հովհաննիսյան, իրավապաշտպան

Տիգրան Պասկևիչյան, Լրագրող-հրապարակախոս

Սարհատ Պետրոսյան, Ճարտարապետ, քաղաքային պլանավորող

Ինգա Հարությունյան, Հոգեբան, սոցպաշտպանության ոլորտի մասնագետ

Ապրես Զոհրաբյան, Արևելագետ

Արամ Ղանալանյան, Ճարտարապետ-տեսաբան

Արսեն Հակոբյան, Մշակութային մարդաբան

Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

 

դիտվել է 165 անգամ
Լրահոս
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում. կեղտաջրերը ողողում են մի ամբողջ բնակելի թաղամաս Հերթական մեկ անձից գնումը ֆավորիտ մատակարարից․ ԱԺ-ն այս անգամ 2 մլն 613.000 դրամի կոնյակ է ձեռք բերել Առաջիկայում սպասվում է բռնությունների աննախադեպ ալիք Մոլոգարը լրջորեն է լծվել հայերի դավանափոխության գործին Ո՞րն է Կամբոջա-Թաիլանդ վեճի պատճառը, և կտուժի՞ արդյոք Թրամփի վարկանիշը Նիկոլ Փաշինյանի թուրքական օրակարգը Դավիթ Համբարձումյանի փաստաբանը պատրաստվում է դատավորի դեմ հայց ներկայացնել դատարան Ծեծկռտուք ու վիճաբանություն գյումրեցի դպրոցահասակների միջև՝ աղջկա պատճառով․ նրանցից մեկի աչքերն են վնասել Հանրային եթերում պնդել, թե Հայրապետի անվան զեղչումը չի աղճատում պատարագի խորհուրդը, եկեղեցաբանական անհեթեթություն է․ Ռուբեն վարդապետ Գերմանիայում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել՝ լրտեսության մեղադրանքով․ DW Բողոքի ցույց՝ Բեռլինում․ «Վերջ տվե՛ք Հայաստանում քաղաքական ձերբակալություններին» Նոր ֆինանսական բուրգ է տարածվում, զգուշացե՛ք․ Կիբեռոստիկանություն Վարորդը, նրա կինը և 3-ամյա երեխան հոսպիտալացվել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Թաիլանդին և Կամբոջային հրադադարի կոչ է արել Ռուբեն Վարդանյանը նոր միջնորդություն է ներկայացրել Բաքվի դատարան Այնպես է օրհնել, որ 8 տարի է՝ աթոռից պոկել չի լինում… Թե բա՝ զավակ ունի… Ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ Էջմիածնում փողը դուրս են գրել, աղբը չեն հավաքել Աբսուրդ Է Վախենում է իշխանության հաջորդ օրվա անորոշությունից․ աթոռի կորուստ, վերահսկողության կորուստ, ձեռք բերածի չվայելում Ներգաղթի կանոնները կխստացնեն Ա՜յ այդ «ճրըքճրըքան լուս»-ին է սպասում Փաշինյանը Նիկոլ, հիմա քո մասին՝ դու Վռամշապուհը չես Ձեռնպահ մնալ Եկեղեցու ազատությունը խախտող գործողություններից․ քաղհասարակությունների պահանջը՝ Փաշինյանից Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայականից էականորեն էժան գնով. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 10-ին ժամը 13:30, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց (հասցե փ. Պետրոս Ադամյան 14) իրականացնելու է բողոքի ակցիա` ուշադրությունը սևեռելու Բաքվում անօրինաբար պահվող հայ գերիների ոտնահարված իրավունքների վրա։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ն աշխարհում նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության օր։ Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 10։40-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am