Իսրայելից պահանջում են փակել Թուրքիայի հյուպատոսությունները
Իսրայելական «Jerusalem Post»-ում հրապարակված հոդվածի համաձայն՝ Իսրայելի սփյուռքի նախարար Ամիհայ Շիկլին կառավարության նիստում դիմել է վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ պահանջելով փակել Երուսաղեմում և Թել Ավիվում գործող Թուրքիայի հյուպատոսությունները, ինչպես նաև դադարեցնել «Թուրքական համագործակցության և կոորդինացման գործակալության» (TİKA) գործունեությունն Իսրայելում։
Նշվում է նաև, որ Շիլին Էրդողանի քայլերը համեմատել է թշնամական պետության առաջնորդի գործողությունների հետ։
Բացի այդ պարբերականում հիշեցվել է, որ նախքան 2023-ի հոկտեմբերի 7-ը, երբ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը նոր արյունահեղ փուլ թևակոխեց, Անկարայի ու Թել Ավիվի հարաբերությունները սկսել էին կարգավորվել, կողմերը փոխանակվել էին դեսպաններով, իսկ Էրդողանն ու Նեթանյահուն հանդիպել էին ՄԱԿ գլխավոր ասամբլեայի շրջանակում, սակայն հոկտեմբերի 7-յան դեպքերից ի վեր Անկարայում Իսրայելի դեսպանատունը փակ է, իսկ Ստամբուլի հյուպատոսությունը գործում է ընդհատումներով։
Նշվում է, որ Թուրքիան պաշտոնապես հայտարարել էր Իսրայելի հետ առևտրի դադարեցման մասին 2024-ի ապրիլին, սակայն շարունակել է մնալ Իսրայելի 5-րդ ամենախոշոր ներմուծող երկիրը՝ 2,86 միլիարդ դոլարի ծավալով, իսկ 2025-ի հունվար–մայիս ամիսներին Թուրքիայից Իսրայել է արտահանվել շուրջ 394 միլիոն դոլարի ապրանք՝ երրորդ երկրների կամ պաղեստինցի միջնորդների միջոցով։
Հոդածում անդրադարձ է կատարվել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությանը «Օտար ահաբեկչական կազմակերպություն» ճանաչելու պլանների մասին հայտարարությանը՝ շեշտելով, որ այն նոր «երանգ» է հաղորդելու թուրք-ամերիկյան հարաբերություններին։
Տարբեր լուրերի համաձայն՝ «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության գործունեությունը կապվում է Թուրքիայի հետ, իսկ Իսրայելը պնդում է, որ Թուրքիան վստահաբար աջակցում է վերջիններիս
Նշվել է, որ այս հայտարարությունը Նեթանյահուն ևս ողջունել է և ընդգծել, որ կազմակերպության որոշ թևերի ճանաչում ու շարունակելու է ճանաչել որպես անօրինական։ Շեշտվել է նաև, որ ԱՄՆ-ի կողմից նման որոշման ընդունմամբ կարող է ալիբի ստեղծվել «TİKA»-ի գործունեությունն Իսրայելում դադարեցնելու համար։
Հոդվածում իրադարձությունների մասին գնահատականներն ամբողջացվել են հետևյալ կերպ․ «Եթե Թուրքիան ցանկանում է Իսրայելում օպերացիոն մուտք ունենալ, նախ պետք է չեզոքացնի ՀԱՄԱՍ-ի օպերացիոնալ մուտքը Թուրքիայում»։
Թուրքական մամուլում հոդվածում տեղ գտած արտահայտություններն ու տեսակետները կապվել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունների հետ, որտեղ վերջինս ասել էր, թե Անկարան մտադիր է միանալ Պաղեստինի Գազայի հատվածում ստեղծվելիք միջազգային խաղաղապահ ուժին։ Թուրքական մեդիադաշտում հոդվածին կատարված անդրադարձը վերնագրվել է հետևյալ կերպ․ «Իսրայելում արձագանքել են Գազայի վերաբերյալ Թուրքիայի ծրագրին»։
Ermenihaber
