Դերասանուհի Մարի Պետրոսյանի ամուսինը կալանավորվել է. նա բարձրաձայնել էր ընտանեկան բռնության մասին
Դերասանուհի Մարի Պետրոսյանի ամուսինը կալանավորվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։
«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը) և 194-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (հոգեկան ներգործությունը): Վերջինս կալանավորվել է: Անձը կալանավորված է»,- տեղեկացրեցին Քննչական կոմիտեից։
«Ազիզյանների» հեռուստասերիալից հայտնի դերասանուհի Մարի Պետրոսյանը իր նկատմամբ կատարված բռնության մասին տեղեկացրել էր սոցցանցերում՝ հրապարակելով տեսանյութ։ Ավելի ուշ նա հանդես է եկել գրառմամբ․ «Ոստիկանության՝ ժամանակին ու ճիշտ գործողությունների շնորհիվ ամեն ինչ արագ կարգավորվեց։ Հանցագործությունը կատարած անձը հիմա կրում է օրենքով նախատեսված պատիժը։ Բոլոր գործընթացները կատարվել են օրենքի համաձայն, և ոստիկանության, դատախազության ու դատարանի արագ արձագանքի շնորհիվ ես այսօր առողջ եմ ու իմ երեխաների հետ ապահով ու խաղաղ միջավայրում»։
Դերասանուհին ամուսնալուծված է և իր երեք երեխաների հետ է:
