Փաշինյանի միջոցառման համար պետբյուջեից վճարվել է 42 միլիոն 90 հազար դրամ. Պազվում է ՄՀՀ-ում տեղի ունեցած համաժողովը «ներկայացուցչական» բնույթ է ունեցել
Նոյեմբերի 22-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացված «Պետական մարմինների ներկայացուցիչների համաժողով» անունով միջոցառման համար ՀՀ պետբյուջեից հատկացվել է 42 միլիոն 90 հազար դրամ։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ բաց աղբյուրներում հասանելի փաստաթղթերից։
Հիշեցնենք, որ ՄՀՀ տնօրեն Կարեն Ղազարյանը «Փաստինֆո»-ին նախօրեին փոխանցել էր, որ մարզահամերգայինում միջոցառման անցկացման համար վճարվել է ավելի քան 40 մլն դրամ։
Տեղեկացանք, որ Փաշինյանի միջոցառման իրականացման համար տրամադրվել է սպորտային դահլիճն ու ճեմասրահը։ Վճարված գումարի դիմաց տրամադրվել են նաև լուսային ձայնային սարքավորումներ, ԼԵԴ էկրաններ։
Բացի այդ՝ մատուցվել են տպագրական, երաժշտական ծառայություններ, ներգրավված են եղել նաև կամավորներ։ Հետաքրքրական է, որ այս գնումը վարչապետի աշխատակազմը ներկայացրել է իբրև ներկայացուցչական ծախս։
Ավելի վաղ «Փաստինֆո»-ն հայտնել էր, որ տվյալ միջոցառմանը մասնակցելու համար պարտադիր պայման է եղել հրավիրատոմսի առկայությունը, տարբեր գերատեսչությունների համար մուտքերն առանձնացված ու տարբեր են եղել։
Հավելենք նաև, որ Փաշինյանի միջոցառման ժամանակ ելույթ էր ունեցել նաև երգչուհի Իվետա Մուկուչյանը, որն ավելի ուշ ինստագրամյան իր միկրոբլոգի սթորիներ բաժնում հայտարարել էր, որ ուրախ է վարչապետի կողմից ընտրվելու համար։
