Մեսրոպ Մեսրոպյանը սխալ տեղեկություն է հաղորդել
Fip.am-ը գրել է․ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը լիցենզիայից զրկելու մասին որոշումը հանրայնացնելուց հետո Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը նոյեմբերի 20-ին հյուրընկալվել էր Հանրային հեռուստաընկերությանը և հարցազրույցում ներկայացնում էր՝ ինչո՞ւ են ՀԷՑ-ին զրկել լիցենզիայից։
Որպես լիցենզիայից զրկելու հիմք Մեսրոպյանը 6 պատճառներից մեկի մասին խոսելիս ասել է․ «Բանից պարզվում է՝ 2025 թվականի հունվարի 2-ին ինչ-որ սերվերի վրա ծրագրային գործողություններ անելու ժամանակ անհասկանալի պատճառներով կամ իրավիճակում 2018 թվականից մինչև 2024 հոկտեմբեր նոյեմբեր ամիսն ընկած ինֆորմացիան ջնջվել է և այն այս պահի դրությամբ դեռ վերականգնված չէ և նույնիսկ հնարավոր չէ վերականգնել։ Դա խոսում է այն մասին, որ պատկերացրեք 2018 թվականից մինչև 2024 թվականի հոկտեմբեր Հանրապետության բոլոր սպառողների հաշվիչների ցուցմունքները, որ պետք է յուրաքանչյուր երեք ամիսը մեկ արխիվացվեին ու առնվազն հինգ տարի պահպանվեին այսօր կանգնած ենք փաստի առաջ, որ այդ ինֆորմացիան չկա։ Չքացել է մեղմ ասած, սա լիցենզիոն լուրջ պարտավորությունների խախտում է»։
Այս լուրը արագորեն տարածվել էր համացանցում, լայն քննարկման թեմա դարձել։ Իշխանամերձ շրջանակներից նույնիսկ պետական դավաճանության մեղադրանքներ էին հնչում ՀԷՑ-ի նախկին ղեկավարության հասցեին։ Ավելին, ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, արձագանքելով Մեսրոպյանի հայտարարությանը, իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ապշած է ու շարունակել․
«Այսինքն ՀԷՑ-ի նախկին ղեկավարներն ասում են, որ ուղղակի պատահաբար, տեխնիկական սխալի բերումով սերվերներից անվերադարձ ջնջել են Հանրապետության բոլոր սպառողների հաշվիչների եռամսյակային ցուցմունքների արխիվը 2018-2024 թվականների համար։ Մի պահ ենթադրենք, որ սա բացահայտ «ապացույցների վերացում» չի ու պարոնայք Կարապետյանները սրանով չեն փորձում թաքցնել հավելագրումներ կամ այլ հանցանքներ ու զանցանքներ, պատկերացնենք՝ ուղղակի վատ, ոչ պրոֆեսիոնալ կառավարման հետևանք է։ Բայց ո՞նց են այդ տեսակի վատ կառավարում իրականացրած մարդիկ պնդում, որ իրենք պիտի շարունակեն ՀԷՑ-ը տնօրինել հերիք չէ, մի բան էլ՝ Հայաստանը կառավարելուն են հավակնում»։
«Փաստերի ստուգման հարթակը» փորձել է պարզել՝ արդյոք իրականությանը համապատասխանում է ՀԾԿՀ նախագահի հայտարարությունը, թե «սպառողների հաշվիչների ցուցմունքները» անհետացել են։ Այդ նպատակով FIP.am-ի լրագրողը դիմել է ՀԷՑ ու խնդրել իր բնակարանի օգտագործած էլեկտրաէներգիայի վերջին տարիների ցուցմունքները։
Լրագրողը ներկայացրել է իր բաժանորդային համարն ու անձնագիրը և ՀԷՑ-ում հաշված րոպեների ընթացքում ներկայացրել են 2019 թվականից 2025 թվականի նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում նրա ամսական ծախսերի գրաֆիկը։ Մի քանի էջանոց այդ աղյուսակում բաժանորդը կարող է տեսնել իր սպառած էլեկտրաէներգիայի քանակի, սակագնի, ինչպես նաև տույժ-տուգանքի վերաբերյալ տվյալներ։ Բացի այդ, կարող է տեսնել, թե ամսվա սկզբին ու վերջին որքան է կազմել հաշվիչի ցուցմունքը։
Փաստացի, բաժանորդը իր տվյալներին հասանելիություն կարողացել է ունենալ և դրանք ամենևին էլ չեն չքացել, ինչպես հարցազրույցում պնդել էր պաշտոնյան։ Սպառողը դիմելու դեպքում կարող է ստանալ իրեն վերաբերող ու հետաքրքրող ինֆորմացիան։
«Կասկադ Էներգո» ընկերության (ՀԷՑ-ին հաշվիչներ սպասարկող ընկերություն է-խմբ․) նախկին տնօրեն Ռոբերտ Կադարյանը, FIP.am-ի խնդրանքով մեկնաբանելով Մեսրոպ Մեսրոպյանի հայտարարությունը «սպառողների հաշվիչների ցուցմունքները» անհետանալու մասին, ասում է՝ ջնջված կամ անհետացած ինֆորմացիան, որի մասին խոսում է Մեսրոպ Մեսրոպյանը, ամբողջովին վերականգնվել է։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում հիշողության սերվերի հետ կապված խնդիրը ծագել է այս տարվա հունվարի 2-ին։
ՀԷՑ-ի սերվերները սպասարկելիս կուտակված հսկայական ինֆորմացիան երբեմն տեղափոխում են նոր հիշողության սարքերի վրա: «Հերթական տեղափոխության ժամանակ ծրագրային ապահովում իրականացնող կազմակերպությունն էլ ծրագրի թարմացում է արել, ինչի արդյունքում համակարգը խափանվել է: Շատ արագ պարզել են խնդիրը, իսկ կորած ամբողջ պետքական ինֆորմացիան՝ վերականգնել: Արդեն հունվարի 5-ին խնդիրը լուծված է եղել, ինֆորմացիան՝ վերականգնված»,- ասում է Կադարյանը։
Նրա ներկայացմամբ, 2018 թվականից ՀԷՑ-ում տեղադրված նոր հաշվիչների միջոցով յուրաքանչյուր կես ժամը մեկ բաժանորդների ծախսի մասին ինֆորմացիան ուղարկվում է գլխամասային սերվեր։ «Ամեն հաշվիչ ունի հիշողության սարք, և այդ սարքն իր մեջ պահում է ինֆորմացիան՝ 90 օր ժամանակով։ Այս համակարգի միջոցով ներկայացնում է քաղաքացու կոմունալ ծախսը, ամսվա վերջին օրվա դրությամբ ցուցմունքը գալիս է սերվեր և դրա հիման վրա քաղաքացուն կոմունալ ծախսի հաշիվն է ներկայացվում՝ գիշերային ու ցերեկային ծախսերը համապատասխան սակագներով»,- ասում է Կադարյանը։
Չի հաջողվել ամբողջությամբ վերականգնել հաշվիչների հիշողության սարքերում պահպանվող գրաֆիկները, որոնք, սակայն, բաժանորդի համար, ըստ մասնագետի, 1-3 ամիս անց սովորաբար օգտակար չեն լինում։ Այդ գրաֆիկները, որոնք ցույց են տալիս հոսանքի ծախսը մանրամասնությամբ, սպառողին անհրաժեշտ են լինում 1-3 ամսվա ընթացքում, որպեսզի նա կարողանա բողոքարկել դրանք: Ավելի վաղեմություն ունեցող տվյալի կարիք չեն ունենում։ Հետևաբար, վերականգնվել են 2024 թվականի հոկտեմբերից հետո ընկած ժամանակահատվածի գրաֆիկները։ Այսինքն, եթե քաղաքացին ցանկանում է ուսումնասիրել 2024 թվականի նոյեմբերի էլեկտրաէներգիայի ծախսը նույն տարվա դեկտեմբերի համեմատ, ապա ըստ Կադարյանի, այդ տվյալները կան, և նա կարող է դրանց ծանոթանալ, անհրաժեշտության դեպքում՝ բողոքարկել դրանք։
«Բաժանորդի համար ֆինանսական առումով պահանջարկ ունեցող տեղեկությունը, հիմքը նրա ամսական գրաֆիկներն են, էպիկրիզը, որը նա կարող է ստանալ, որը այդ դեպքից հետո վերականգնվել է։ Այն ժամանակ ՀԷՑ-ի համար առաջնահերթությունը հենց այդ ինֆորմացիան վերականգնելն էր և ոչ թե այն կեսժամանոց գրաֆիկները, որի կարիքը սպառողը չունի»,- ասում է Կադարյանը։
Ի դեպ, նկատենք, որ ՀԷՑ-ում այս դիպվածի առնչությամբ ներքին ծառայողական քննություն է իրականացվել:
Այսպիսով, ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը Հանրային հեռուստաընկերության եթերում սխալ և ոչ լիարժեք տեղեկություն է տրամադրել՝ չներկայացնելով ամբողջական իրավիճակը, ինչն էլ հանրության շրջանում հուզումների ու բացասական տրամադրությունների պատճառ է հանդիսացել։
Նշենք, որ ՀԾԿՀ նախագահը, իսկ այսօր նաև՝ ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել էին, թե 2018-2024 թվականների ՀԷՑ-ի հաշվիչների ցուցմունքների բազան իբր անվերադարձ կորել է:
Տեղեկատվությունը մի քանի օր առաջ հերքվեց թե՛ Նարեկ Կարապետյանի, թե՛ հաշվիչների տեղադրումն իրականացրած ընկերության ներկայացուցչի կողմից, իսկ այսօր հերքում է նաև FIP-ը:
