«Վերջին զրույցի ժամանակ ասաց՝ մա՛մ, Հայկիս լավ կնայես. չհասկացա, որ դրանք հրաժեշտի խոսքեր են». կապավոր Հրաչյա Արզումանյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Շեխերում

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հրաչյաս շատ աշխույժ, ակտիվ երեխա էր մանկության տարիներին։ Դպրոցական տարիներին, հատկապես բարձր դասարաններում ավելի համեստ էր, լռակյաց»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լուսինեն՝ Հրաչյայի մայրը։

Հրաչյան ծնունդով Վանաձորից է։ Սովորել է Վանաձորի թիվ 24 միջնակարգ դպրոցում։ Դպրոցից հետո կրթությունը շարունակել է ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում։ «Դպրոցում սովորելու առումով չեմ կարող ասել, որ բարձր առաջադիմություն է ունեցել, բայց շատ մեծ սեր ուներ սպորտի նկատմամբ։ Դեռ փոքր տարիքից հաճախել է սպորտի։ «Մարտեր առանց կանոնների» սպորտաձևն իր տարերքն էր։ Շատ հաղթանակներ է գրանցել, բազմաթիվ մեդալներ ու պատվոգրեր ունի։ Միշտ ասում էր՝ իմ ապագան տեսնում եմ սպորտի ասպարեզում։ Սպորտի հաճախելով՝ շատ թիկնեղ էր դարձել, գեղեցիկ կազմվածք ուներ։ Արտաքնապես գեղեցկադեմ երիտասարդ էր։ Սպորտն իր կյանքում յուրահատուկ տեղ ուներ, իսկ ակադեմիայում սովորելն իր համար կարևոր էր, որ հետագայում նաև մասնագիտություն և աշխատանք ունենա»։

2020 թվականի հունվարի 15-ին Հրաչյան զորակոչվել է ժամկետային զինծառայության։ Ծառայել է Ջրականում։ «Շատ մեծ ուրախությամբ է բանակ մեկնել։ Անընդհատ ասում էր՝ երբ է օրը գալու, որ գնամ բանակ։ Մեծ սիրով մեկնեց ծառայության։ Ինն ամիս ծառայեց մինչև պատերազմը։ Այդ ընթացքում մեկ անգամ չեմ լսել, որ ինչ-որ բանից տրտնջար, բողոքեր, կամ էլ ինչ-որ բան խնդրեր մեզանից։ Մենք գնացել ենք իր մոտ երդմնակալության արարողության օրը, միայն այդ մեկ անգամ։ Դրանից հետո համավարակի շրջանն էր, նա էլ չկարողացավ արձակուրդ գալ։ Շատ սիրով էր ծառայում։ Մի բան էլ նշեմ. մինչ բանակ գնալը հետաքրքրվում էր պատերազմի մեր հերոսներով։ Անգիր գիտեր Քառօրյա պատերազմի մեր բոլոր տղաներին, թե ով ինչպես և որտեղ է ծառայել, շատ մեծ հետաքրքրություն ուներ։ Անընդհատ ֆիլմեր էր դիտում։ Անգամ զարմանում էի, թե ինչպես է պատերազմական ֆիլմեր դիտում։ Եթե դեպքերն այսպես չզարգանային, գուցե հիմա այդքան չկենտրոնանայի այդ հանգամանքի վրա, բայց այս ամենից հետո հաճախ եմ այդ հարցի շուրջ մտածում, ամեն մանրուք ու հարց հիշում եմ»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է 44-օրյա պատերազմը։ «Սեպտեմբերի 27-ի առավոտյան շուտ նամակ էր գրել հայրիկին՝ դիրքեր եմ բարձրանում, եթե չզանգեմ, դուք ինձ համար չանհանգստանաք, ամեն ինչ լավ է։ Ոչինչ չէր ասել պատերազմի մասին։ Դրանից հետո արդեն իմացանք, որ պատերազմ է։ Մի քանի օր հետո զանգեց։ Շատ կարճ էր խոսում, ասում էր, որ ամեն ինչ նորմալ է. «Ես լավ տեղ եմ, մեզ մոտ հանգիստ է»։ Անընդհատ հանգստացնում էր մեզ։ Պատերազմի ընթացքում մի քանի անգամ զանգել է, ոչ ամեն օր, բայց երեք-չորս օրը մեկ զրուցել ենք»։

Հրաչյայի վերջին զանգը հոկտեմբերի 26ին էր։ «Միայն այդ օրն եմ զգացել, որ շատ անտրամադիր է։ Շատ դժվարությամբ էր խոսում։ Հրաչյաս կրտսեր եղբայր ունի, այդ ժամանակ, դե, ավելի փոքր էր։ Վերջին զրույցի ժամանակ վերջին նախադասությունն այսպիսին էր. «Մա՛մ, Հայկիս լավ կնայես»։ Ու ես նույնիսկ այդ ժամանակ չկարողացա հասկանալ, որ դրանք իր հրաժեշտի խոսքերն էին։ Ես չէի ուզում երևի դրան հավատալ»։

Հրաչյան եղել է պատերազմի թեժ կետերում՝ Ջրական, Արա լեռ, Հադրութ, Կարմիր շուկա։ «Զանգերից մեկի ժամանակ, երբ հայրիկը հարցրեց՝ Հրա՛չ ջան, ո՞նց եք, շատ նեղված արձագանքեց. «Պա՛պ, ո՞նց պետք է լինենք, նահանջում ենք»։ Շատ նեղված էր դրանից։ Պատերազմի ընթացքում հայրիկին ևս մեկ բան է ասել. «Պա՛պ, «շներից» մեկին իմ ձեռքերով եմ սատկացրել»։ Ուժեղ էր, պարապած, առանց զենքի, փաստորեն, ձեռնամարտի էր բռնվել թշնամու հետ։ Ուսադիրներն էլ վերցրել էր։ Հայրիկն ասաց՝ շպրտի դրանք, տղա՛ ջան, քեզ պետք չեն»։

Հրաչյան անմահացել է հոկտեմբերի 28-ին Մարտունու շրջանի Շեխեր գյուղում։ «Շատ փնտրեցինք իրեն։ Մենք Հրաչյայիս «գտանք» դեկտեմբերին։ Ամուսինս ամենուր նրան էր փնտրում։ Նա մի քիչ շուտ էր իմացել իր զոհվելու լուրը, սակայն ինձ ոչինչ չէր ասել այնքան ժամանակ, մինչև գտավ մեր որդուն ու տուն բերեց։ Հրաչյաս ճանաչելի է եղել, ամուսինս տեսել է նրան, գրպանում էլ իր իրերն են եղել»։

Ընտանիքի երեխաներից ավագը Հրաչյան է։ Նա քույր և եղբայր ունի։ «Հենց նրանք դարձան ինձ ուժ տվողը։ Հրաչյային խոստացել եմ, որ իր եղբորը պետք է լավ նայեմ։ Մյուս կողմից՝ մտածում եմ, որ ինչքան ապրում եմ, Հրաչյաս ինձ հետ է, ապրեցնելու եմ իրեն։ Դա է նաև ինձ ուժ տալիս։ Բարդ է այդ մասին խոսելը։ Որքան ավելի շատ ժամանակ է անցնում, այնքան ցավն ավելի է խորանում, ամեն ինչ ավելի է բարդանում։ Երեխաներս են «ստիպում» ապրել։ Իրենց և Հրաչիս հիշատակը վառ պահելու համար եմ ապրում և մտածում՝ քանի դեռ շնչում եմ, Հրաչս էլ է շնչում, նա մեզ հետ է»։

Հ. Գ. - Կապավոր Հրաչյա Արզումանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Վանաձորի պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 107 անգամ
Լրահոս
ԲԴԽ–ն խիստ նկատողություն է հայտարարել դատավոր Արթուր Ադամյանին Ռուբեն Վարդանյանը մեզ հիշեցնում է, որ նպատակն ավելի ուժեղ է, քան պատիժը. Փոլ Փոլման Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Քննչականը կատարում է իշխանության պատվերը. փաստաբանը` Արշակ Սրբազանի գործի մասին Լիդյա Մանթաշյանը կալանավայրում է միայն մի պատճառով․ ակցիա Երևանի փողոցներում (video) Չարիք էր 2018-ի «հեղափոխությունը» Հայաստանում, որի հոմանիշները դարձան սև ժապավեններն ու դագաղները, Արցախի կորուստն ու հայաթափումը. Էդուարդ Շարմազանով Եթե Աստծո հավատքը չընդունեն, չհասկանան, թող լա՛վ իմանան՝ ինչ է սպասվելու իրենց․ սյունեցի (video) Իրեն մեր ժամանակների «լուսավորիչ» հռչակածը՝ նմանօրինակ էժնագին ընտրական տրյուկներով փորձում է ոչ թե արտացոլել հանրային տրամադրությունները, այլ ձգձգել սեփական իշխանության պահպանումը. Արմեն Հովասափյան 2.5 մլն դոլար՝ ամանորյա զարդարանքների համար Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ բախվել են «Mercedes»-ն ու «Subaru»-ն. վերջինն էլ բախվել է ծառին #ՈՒՂԻՂ․ «Վեհափառի սրբությունն ու Նիկոլի երեք Բրուտոսները»․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Արաղչին կուղևորվի Փարիզ Հարյուրավոր մեքսիկացի ֆերմերներ փակել են ԱՄՆ սահմանային կամուրջը Իզուր քեզ մի ճղի, նրանք քո ընտրողները չեն (video) Միանալով հոգևոր եղբայրներիս իմ որդիական խոնարհումս և հավատարմությունս եմ բերում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և Ազգընտիր Հայրապետիս ՀԱԵ-ն առանձնանում է իր ներքին ու արտաքին կայունությամբ, պատմական հիշողությամբ և անբեկանելի արժեհամակարգով. Դանիելյան Հայաստանի տեխնոլոգիական «փորձանոթը» Զավթման ու ավիրման անգերազանցելիություն «Ադրբեջանը փորձում է պարտավորեցնող որոշակի փաստաթղթեր ստանալ Հայաստանից, որ մեր երկրի նոր իշխանությունները խնդիրներ ունենան դրանք չեղարկելու հետ կապված» «Վերջին զրույցի ժամանակ ասաց՝ մա՛մ, Հայկիս լավ կնայես. չհասկացա, որ դրանք հրաժեշտի խոսքեր են». կապավոր Հրաչյա Արզումանյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Շեխերում Միքայել Հարությունյանի որդին պնդում է, որ Նավալնիի հետ ընդհանրապես չի շփվել, մյուսներին չի էլ ճանաչում Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն և աղոթք Պայթյունի հետևանքով զոհվածներին կարգավիճակ չի տրվել, նրանց ընտանիքներն էլ աջակցություն չեն ստանում Հույս ունեմ, որ Տեր Երվանդը կգիտակցի իր հակականոնական կեցվածքի ողջ ծանրությունը և անկեղծորեն կզղջա Արտակարգ դեպք՝ Աշտարակում
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am