«88»-ն արմատներ է գցել նաեւ Սյունիքի խոշոր քաղաքներում

 «Հրապարակ օրաթերթը» գրում է. «Ծիրան» եւ «88» սուպերմարկետների սեփականատեր, նորահայտ օլիգարխ Նարեկ Նալբանդյանը շարունակում է արշավանքը Հայաստանով մեկ: Նրա ձեռագիրը հայտնի է՝ նա նոր ներդրումներ չի անում առեւտրի ոլորտում, այլ վերցնում է անուն հանած, բայց ինչ-ինչ պատճառներով սնանկացած բիզնեսները կամ ստիպում է, որ գործող բիզնեսը վաճառեն իրեն: Այդպես եղավ «Ծիրան» սուպերմարկետների ցանցի, «Սան ֆուդ» բրենդի հետ, որը դարձավ «88»` կորցնելով իր անունը: «Սան ֆուդի» հաճախորդները դժգոհ են: «Ես այստեղից միայն հաց եմ գնում: Մյուս ապրանքներին մոտենալ չի լինում, այնքան են գները բարձրացել»,- ասում է «Սան ֆուդի» արդեն նախկին հաճախորդ, Շենգավիթի բնակիչ Արմինե Հ․-ն: 


«88»-ն արմատներ է գցել նաեւ Սյունիքի խոշոր քաղաքներում՝ Սիսիանում եւ Կապանում: Սյունեցիները եւս գոհ չեն: Հետաքրքիր զուգադիպությամբ, այն մարկետներում, որոնք անցնում են նորահայտ օլիգարխի ձեռքը, հարկային ստուգումներ են արվում, խախտումներ են հայտնաբերվում: Այդպես է եղել նաեւ Գորիս քաղաքում վերջին 9  տարիներին հաջողությամբ գործող «Արարատ» սուպերմարկետի հետ, որը, ըստ գորիսեցիների, բավական բարձրորակ մթերք էր վաճառում: Մինչեւ նոյեմբերի 1-ը այն դեռ «Արարատ» էր, նոյեմբերի 1-ից հետո դարձավ «88»: Դա Գորիսի ամենախոշոր ու հայտնի սուպերմարկետն էր: Ամենամեծ առեւտրի շարժն «Արարատում» էր լինում: Բնականաբար, տերերը չէին պատրաստվում վաճառել ծաղկող բիզնեսը, եւ ինչո՞ւ վաճառել այն, ինչն ահռելի եկամուտ է բերում: 
Գորիսում պատմում են, որ մոտ 1 ամիս առաջ Նարեկ Նալբանդյանն իր թիկնազորով գնացել է Գորիս եւ «Արարատի» տերերին ասել, որ ուզում է գնել սուպերմարկետը: Բայց «Արարատի» տերը պատասխանել է, որ չի պատրաստվում վաճառել խանութը: Հետո քաղաքում լուր է տարածվել, թե Նարեկը խոստացել է, որ մինչեւ դեկտեմբեր «Արարատ» սուպերմարկետն իրենը կլինի: Ապա խանութում ստուգումներ են սկսվել: Գորիսի մեր աղբյուրը պատմում է, որ «շատ պրիմիտիվ բաների համար» անընդհատ ստուգել են իրենց սիրելի սուպերմարկետը, ու տուգանքը տուգանքի հետեւից է եկել: 

«Մարդիկ էլ ասել են. ինչքա՞ն կարող ենք աշխատել՝ տուգանք վճարել: Խանութ է, էլի, ցանկության դեպքում միշտ էլ մի մանրուք կարելի է գտնել: Մե՛կ հաճախորդն է դժգոհ, մե՛կ ինչ-որ այլ առիթ կա ստուգելու: Եթե մարդուն չեն թողնում նորմալ աշխատի, ստիպված վաճառում է: Իրենք մի հատ մարկետ ունեին ու դա էլ են վաճառել»,- պատմում է մեր աղբյուրը: Պատմում են, որ Գորիսում «88»-ը վերցրել է նաեւ մի քանի մանր խանութ, որոնց դեռ «88» բրենդի անունը չեն տվել, այլ վերցրել են վարձակալությամբ: «Արարատի» նախկին հաճախորդները վրդովված են` հիմա Գորիսի Անկախության 7/22-2 հասցեում «88» սուպերմարկետ է բացվելու: 

Այս տեղեկությունները չէինք հասցրել ստուգել, երբ խմբագրությունն էլեկտրոնային նամակ ստացավ Գորիսից. «Բարեւ Ձեզ, Ձեզ գրում է Գորիսի մի բնակիչ, մի շատ վտանգավոր հարցի մասին եմ ուզում տեղեկացնել. Աննա Հակոբյանի անվան հետ կապ ունեցող «88» սուպերմարկետների ցանցը ռեկետ է իրականացնում Սյունիքում: Մարզում այլեւս խոշոր բիզնես չեն թողել: Նախ փորձում են բանակցել, հետո խոշոր ակտեր են գրում: Եթե չեն համաձայնում, կարճ ժամանակ հետո գնում են բիզնեսը: Մարզի բոլոր խոշոր խանութները գնված են: Հիմա սկսել են գնել հյուրանոցներ, ռետորաններ: Նախ, որտեղի՞ց դրանց այդ ահռելի գումարները: Հետո՝ Սյունիքում մտահոգված են, որ դրանք թուրքերի համար են, եւ շուտով սյունեցիները, իրենց կամքից անկախ, կաշխատեն թշնամու բիզնեսում»:  

Գորիսի լրագրողներից մեկը` Արմինե Սիմոնյանը, իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «Արարատի» փակմանը. «Քաղաքի լավագույն մարկետը բաժին ընկավ եսիմ ում, իսկ բոլորը սահմանափակվեցին ըմբոստանալ ու ցավել իրենց տներում։ Սյունեցիների բիզնեսները մեկը մյուսի հետեւից տանում են, իսկ չկա մեկը, որ սաստի, թեւ ու թիկունք դառնա, պարզի՝ ինչո՞ւ պետք է տեղաբնակը վաճառի ու հեռանա։ Ինչո՞ւ պետք է գա մի ցանց, որտեղ հայկական ապրանքներ գրեթե չկան»։

Ամիսներ առաջ «88»-ը Գորիսում կուլ է տվել նաեւ «Շանե» հայտնի մթերային խանութը, որի մի մասը ֆուդկորտ էր: Այն գործում էր Գորիսի Մաշտոցի 36 հասցեում: Հուլիսի վերջին ընկերությունը հայտարարություն տարածեց, որ շուտով կդադարեցնի գործունեությունը։ «Սակայն մեր նախաձեռնությամբ շուտով նույն տարածքում կգործի սիրված եւ ճանաչված «88» սուպերմարկետների ցանցի նոր մասնաճյուղը։ Մեր նպատակը միշտ նույնն է՝ ձեզ համար ապահովել հարմարավետ, հասանելի եւ բարձրորակ սպասարկում»,- ասվում էր «Շանե թիմ»-ի հայտարարության մեջ։
Ինչո՞ւ եք բոլորդ հաճույքով զիջում ձեր բիզնեսը Նարեկ Նալբանդյանին, ինչո՞ւ չեք ուզում շարունակել աշխատեցնել եկամտաբեր բիզնեսը․ «Արարատ» սուպերմարկետի նախկին տերը` Մարի անունով, հրաժարվեց անգամ մինչեւ վերջ լսել իր խանութի փակման մասին մեր հարցը։ «Ես շատ վատ վիճակում եմ, չեմ կարող Ձեր հարցերին պատասխանել, գիտեմ՝ ինչ եք հարցնելու, ու չեմ ուզում ոչ մեկի հետ խոսել էդ մասին»,- ասաց նա՝ ըստ էության հաստատելով մեր տեղեկությունները: 

Փորձեցինք կապվել Նարեկ Նալբանդյանի հետ, խնդրել, որ մեկնաբանի գորիսեցիների պատմությունները, հարցնել` արդյոք ճի՞շտ է, որ անձամբ է այցելել Գորիս, «Արարատի» տերերին սպառնացել, թե սուպերմարկետը մինչեւ դեկտեմբեր իրենն է լինելու: Բայց միայն Նարեկ Նալբանդյանի փաստաբանի հետ կարողացանք կապվել, որն ասաց, որ չի կարող մեզ փոխանցել Նարեկ Նալբանդյանի համարը, բայց մեր հարցերն ու նրա մեկնաբանությունը կփոխանցի: Իր կողմից փաստաբան Կարեն Տոնոյանն ասաց. «Նարեկին թեկուզ քիչ ճանաչող մարդը չի հավատա նրան, որ նա կարող է իրեն նման ձեւով պահել»: Նա հայտնեց նաեւ, որ Նարեկ Նալբանդյանի պատասխանը մեզ կտրամադրի մի քանի օրից: Սպասում ենք:

 

դիտվել է 416 անգամ
Լրահոս
Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am