Բաքվում հրապարակվել են ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետերի գաղտնի հրամանները. 44-օրյայից հետո ՊԲ արխիվը չի հանվել Արցախից

Հոկտեմբերի 13-ին Բաքվի «դատական» նիստին հրապարակվել են ՀՀ զինված ուժերի գաղտնի փաստաթղթեր՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետերի գաղտնի հրամաններ, որոնցով մարտական խնդիրներ են դրվել Արցախի պաշտպանության բանակի առջև:
Առաջին, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի N 0119 գաղտնի հրամանը՝ թվագրված 04.05.2016թ., որով, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, խնդիր է դրվել ՊԲ 6-րդ պաշտպանական շրջանում կառուցել հակատանկային խրամատներ և ճանապարհներ, որոնք պիտի ծառայեին որպես միջանկյալ խրամատ և պաշտպանական գծեր՝ միավորելու 9-րդ պաշտպանական շրջանի հակատանկային խրամատներն ու ճանապարհները, ինչպես նաև այդ ձևով պիտի քողարկվեր մարտական վիճակում գտնվող տեխնիկան:
Երկրորդ, ադրբեջանական դատարանում հանրայնացվել է 24.12.2016թ. N 016 հրամանը, որը, ըստ ադրբեջանական կողմի՝ կազմվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի և ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության նախկին պետ Վաղինակ Սարգսյանի կողմից:
Նշվում է, որ գաղտնի այս փաստաթղթի համաձայն՝ 2017 թվականի հունվարին աշխատանքային խումբ է նախատեսված եղել ուղարկել Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ՝ ռադիոէլեկտրոնային հետախուզության համար դիրքային տարածք ընտրելու նպատակով:
Երրորդ, Բաքուն հրապարակել է նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանի N 0261 հրամանը՝ թվագրված 24.09.2019-ին, որի ուսումնասիրությունից, ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, պարզ է դարձել, որ հանձնարարական է տրվել Արցախի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 7-րդ պաշտպանական շրջաններին ապահովել համապատասխան քանակի 82 միլիմետրանոց ականանետներով (М-69 և BM-37):
Չորրորդ, հոկտեմբերի 13-ին կայացած «դատական» նիստի ժամանակ հրապարակվել է նաև ՊԲ նախկին հրամանատար Կամո Վարդանյանի N 0671 գաղտնի հրամանը՝ թվագրված 25.09.2020-ին, ինչը, ըստ ադրբեջանական կողմի, ենթադրել է՝ «հակառակորդի բնակավայրերի ոչնչացում», և, որ իբր ցանկում եղել են, մասնավորապես, Մինգեչաուր, Նաֆթալան քաղաքները, Թերթերի, Եվլախի, Բեյլագանի, Աղջաբեդի շրջանները:
Այն, որ այս գաղտնի փաստաթղթերը հայտնվել են Բաքվի ձեռքում և ժամանակ առ ժամանակ հրապարակվում են դատարանում և ուղղվում Հայաստանի դեմ՝ որպես գրավոր ապացույց, պատասխանատվության իրենց բաժինն ունեն Հայաստանի և Արցախի քաղաքական և ռազմական համապատասխան պաշտոնյաները, որ 44-օրյա պատերազմից հետո չեն կազմակերպել դրանց տեղափոխումը Հայաստան:
Իսկ բացի նշվածից, Բաքվի դատարանը հոկտեմբերի 13-ի նիստում անդրադարձել է նաև «Գոյամարտի» 2020 թվականի մայիսի 16-ի հաղորդմանը, որտեղ ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ Դավիթ Մանուկյանը և ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը ցուցադրական զորավարժանքների են հետևում, տալիս համապատասխան անհրաժեշտ ցուցումներ:
«Դատավարությունը» շարունակվելու է հոկտեմբերի 16-ին:
ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ