Վերաքննիչ դատարանն արձանագրել է Միքայել Սրբազանի պաշտպանության իրավունքի խախտման փաստը ՔԿՀ-ի կողմից. Զոհրաբյան

Վերաքննիչ դատարանն արձանագրել է Միքայել Սրբազանի պաշտպանության իրավունքի խախտման փաստը ՔԿՀ-ի կողմից։ Այս մասին հայտնում է Միքայել Սրբազանի պաշտպաններից Արա Զոհրաբյանը։
«Ինչպես պարզվել է Միքայել Սրբազանի շահերը ներկայացնելու փուլում, մի արատավոր պրակտիկա է տարածված քրեակատարողական հիմնարկներում: ՔԿՀ աշխատակիցները զննում են (գրաքննում են) փաստաբանների կողմից իրենց կալանավորված վստահորդներին փոխանցված փաստաթղթերը: Ընդ որում, եթե փոխանցված նյութը, ըստ ՔԿՀ աշխատակիցների, քրեական գործի հետ ուղիղ չի առնչվում, ապա վերցնում են կալանավորված անձի ձեռքից:
Այս հարցը բարձրացրել եմ, երբ տեղեկացել եմ, որ Միքայել Սրբազանին տրամադրած նյութերս ուսումնասիրվել են ՔԿՀ աշխատակիցների կողմից:
Բողոք եմ ներկայացրել առաջին ատյանի դատարան, որը մակագրվել է Միքայել Սրբազանին կալանավորած դատավոր Մասիս Մելքոնյանին: Ինչպես և սպասվում էր Մասիս Մելքոնյանից, նա խախտում չի գտել և բողոքս մերժել է:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանը 06.10.2025թ. որոշմամբ բավարարել է բողոքս՝ բեկանելով դատավոր Մասիս Մելքոնյանի որոշումը և հաստատելով Միքայել Սրբազանի իրավունքների և օրինական շահերի խախտման փաստը: Վերաքննիչ դատարանը պարտավորեցրել է նաև «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետին միջոցներ ձեռնարկել արձանագրված իրավունքների խախտումները վերացնելու ուղղությամբ:
Վերաքննիչ դատարանի որոշումը կարևոր դատական ակտ է այս արատավոր պրակտիկան վերացնելու համար:
*******
Կներկայացնեմ մի քանի մեջբերում որոշումից՝
«… Այսպես, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ քրեակատարողական հիմնարկում կամ պետական այլ պահպանվող հաստատությունում փաստաբանի մասնագիտական աշխատանքն անխոչընդոտ իրականացնելու համար օրենսդրորեն սահմանվել են որոշակի երաշխիքներ: Այդպիսի երաշխիքների թվում նախատեսվել են նաև իր պաշտպանի հետ խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ) անարգել տեսակցելու, իր մոտ քրեական վարույթին կամ իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն առնչվող փաստաթղթեր և գրառումներ ունենալու՝ մեղադրյալի իրավունքները։ Այս երաշխիքներն ինքնանպատակ չեն. դրանք կոչված են ապահովելու փաստաբանի բնականոն աշխատանքը և իրավաբանական օգնության կարիք ունեցող անձի իրավունքների լիարժեք իրացումը: »
«...Ասվածի համատեքստում Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով փաստաբանական գաղտնիքին տրված բնորոշումից հետևում է, որ գործում է փաստաբանական գաղտնիքի գոյության կանխավարկածը, հետևապես, տրամաբանական է, որ փաստաբանի և իր վստահորդի անարգել տեսակցելու իրավունքը, որը կոչված է ապահովելու փաստաբանական գաղտնիքի պաշտպանությունը, տարածվում է նաև նրանց միջև հաղորդակցության ցանկացած եղանակի, այդ թվում՝ վարվող նամակագրության կամ որևէ այլ թղթակցության նկատմամբ, որի պայմաններում քրեակատարողական հիմնարկի վարչակազմը, հիմնարկի աշխատակիցները «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի պահանջների լույսի ներքո կրում են փաստաբանի՝ վստահորդի հետ առանձին, անարգել և մեկուսի պայմաններ ստեղծելու պարտականություն:»:
«…Վերաքննիչ դատարանը փաստում է, որ քրեակատարողական հիմնարկի վարչակազմը և աշխատակիցներն իրավասու չեն եղել զննելու միջոցով ծանոթանալ փաստաբան Ա.Զոհրաբյանի կողմից իր վստահորդ Միքայել (Գևորգ) Աջապահյանին փոխանցած փաստաթղթերի բովանդակությանը, հետևապես քննարկվող դեպքում թույլ է տրվել կալանավորված անձ Միքայել (Գևորգ) Աջապահյանի՝ Կոնվենցիայով, ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով երաշխավորված պաշտպանության իրավունքի խախտում»»,- գրել է Արա Զոհրաբյանը։