Իրավապահ համակարգը մեկ անձի սպասարկման տակ դնելու ծանր հետևանքները

«Փաստ» օրաթերթը գրում է.
Չէ՛, սա մարտական գործողությունների ամփոփաթերթիկ չէ, այլ ընդամենը 1-2 օրվա քրեական լրահոսից ծաղկաքաղ: Աբովյանում ծեծկռտուք է եղել, հնչել են կրակոցներ, կան վիրավորներ, երկուսի վիճակը գնահատվում էր ծանր: Արամուսում դաշտային աշխատանքների գնացող երկու տարեց ամուսինների գնդակահարել են: Որոշ ժամանակ անց մարդասպանության մեջ կասկածվողը հայտնաբերվել է: Չարենցավանում հուղարկավորության արարողության ժամանակ հենց եկեղեցում ինչ-որ մեկը դանակահարել և սպանել է հանգուցյալի քավորին: Հետագայում հաղորդվեց, որ դանակահարողը հոգեբուժարանում հաշվառված անձ է:
Բոլոր այս հանցագործությունները կատարվել են, կրկնենք, ընդամենը 1-2 օրվա ընթացքում, անցյալ շաբաթավերջին: Տարօրինակ զուգադիպությամբ՝ բոլորն էլ կատարվել են Կոտայքի մարզում, բայց կարող էր լինել և մեկ այլ մարզում, դրա վրա չարժե հատուկ սևեռվել: Ու մյուս մարզերում էլ վիճակը շատ չի տարբերվում:
Առաջին անգամը չէ, որ ուշադրություն ենք հրավիրում երկրում տիրող հանցածին իրավիճակի, հանցավորության, մանավանդ՝ անձի կյանքի ու առողջության դեմ ուղղված ոճրագործությունների աճի անժխտելի ու խայտառակ երևույթի վրա:
Ընդգծենք, որ վերը թվարկված դեպքերը, կրակոցները, դանակահարությունը, սպանությունները քաղաքականության կամ հասարակական-քաղաքական անցուդարձի հետ կապ չունեն (հասկանալի է՝ բացառությամբ Փարաքարի ողբերգության ու դրան հաջորդող ժամանակաշրջանում տիրող վիճակի): Բայց դրանք անխտիր կապ ունեն երկրի կառավարման վիճակի հետ: Կապ ունեն երկրում ու հասարակության մեջ տիրող մթնոլորտի ու ձևավորված միջավայրի հետ:
Կարելի է ու արժե որոշակիորեն բացել մատնանշված կապերը:
Թեպետ, եթե խիստ հակիրճ, ապա երբ ոստիկանության, առհասարակ իրավապահ համակարգի փոխարեն այդ ամենից ձևավորում ես ընդամենը «ախռանկա», ապա հետևանքը լինում է նման խայտառակ վիճակը: Ավելին, երբ պետության ղեկավարի փոխարեն ունես ատելություն սերմանող, ստող ու ցանկացած պատասխանատվությունից «կռուտիտներով» խուսափող անձ, ապա հետևանքը անխուսափելիորեն լինում է նման պատկերը: Ու ընդհանրապես, երբ մասնագիտացված կառույցների և օղակների փոխարեն ձևավորում ես իշխանության ղեկավարին «անձնական հավատարմության», շողոքորթելու և քծնելու կարողության վրա ձևավորված ինչ-որ «օֆիսներ», հետևանքը լինելու է և լինում է սա:
Ուզում ես՝ պատրաստվիր ընտրությունների, ուզում ես՝ մի պատրաստվիր:
Պարադոքսալ է հնչում, բայց որքան շատ են Փաշինյանն ու նրա գլխավորած ՔՊ-ն Հայաստանը վերածում ոստիկանապետության, այնքան ավելանում են ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը, կրակոցները, դանակահարությունները, սպանությունները: Որքան շատ են խոսում «բարեփոխված ոստիկանությունից», այնքան ավելի ցցուն ու դաժան երանգներով են դրսևորվում այդ ոլորտի անգործության կամ թերի գործունեության հետևանքները:
Ինչո՞վ են զբաղված վերջին տարիներին ոստիկանությունը, ԱԱԾ-ն, քննչականը, դատախազությունը, դատարանները: Բոլոր այդ կառույցները գերազանցապես զբաղված են Փաշինյանին քննադատողներին հետապնդելով, գաղտնալսելով, հրապարակային ակտիվություն դրսևորողներին ահաբեկելով, զբաղված են Նիկոլ Փաշինյանի ու առանձին «ընտրյալ» քպականների պահպանությունն ապահովելով: Գործնականում, հարկատուների հաշվին գոյություն ունեցող բոլոր այդ պետական կառույցներն զբաղված են մեկ անձի պահպանությունն ու քմահաճույքները սպասարկելով: Ի լրումն՝ իր ընդդիմախոսների նկատմամբ ունեցած անառողջ ցանկությունները («ԱԱԾ պադվալները լցնել», «բանտերը լցնել» և այլն) բավարարելով:
Ի դեպ, իշխանության նման թուլությունը և ոստիկանության, իրավապահ համակարգի «կողմնակի զբաղվածությունը» ամենից արագ զգում են հենց քրեածին տարրերը: Զգում են և փորձում են օգտվել իրավիճակից:
Ինչ վերաբերում է կառավարության ամենավերին օղակից սերմանվող ատելությանը, չարությանն ու իշխանության ձևավորած ներքին թնամանքի մթնոլորտին, ապա դա անխուսափելիորեն է հանգեցնում նման կրիմինալ հետևանքների: Դա աքսիոմա է:
Ավելին, Փաշինյանի կողմից իր ընդդիմախոսների նկատմամբ հաշվեհարդարային դրսևորումները որոշակի հակումներով անձանց վրա վերին թույլտվության էֆեկտ են ունենում: Դե, եթե Փաշինյանին կարելի է հաշվեհարդար տեսնել բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ, ապա ինչո՞ւ պետք է որսորդական հրացան ունեցող մեկը, որոշակի հանգամանքներում չմտածի, որ կարող է բռնել ու գնդակահարել իրեն ինչ-որ բանով նեղացրած համագյուղացուն:
Ի՜նչ նախականխարգելիչ աշխատանք, ի՞նչ կանխարգելում...
Ի դեպ, Չարենցավանում կատարված սահմռկեցուցիչ սպանության վերաբերյալ. հարց չի՞ ծագում, թե հոգեբուժարանում հաշվառվածը ինչպե՞ս է ազատ շրջում խաղաղ բնակչության մեջ ու մարդ սպանում: Նույնը՝ Արամուսի պարագայում:
Իսկ ի՞նչ է կատարվում մեր երկրի ավտոճանապարհներին ու մայրաքաղաքի փողոցներում: Մի «գժանոց» էլ դա է: Ավելի ճիշտ՝ բարձիթողի վիճակ է:
Հանգստյան օրերին առիթ եղավ «պտույտ մը» գործել՝ Երևան-Աշտարակ-Թալին-Գյումրի-Վանաձոր-Դիլիջան-Սևան-Երևան երթուղով: Ամբողջ ճանապարհին պարեկային ոստիկանության գեթ մեկ մեքենա չհանդիպեց: Իսկ այն, ինչ կատարվում էր ճանապարհներին երթևեկության առումով, կարելի է բնորոշել մեկ բառով՝ այլանդակություն:
Լավ, այդ պարեկնե՞րն ինչ եղան: Միգուցե իսկապե՞ս բոլոր մեքենաները շարքից դուրս էին եկել: Գուցե գնացել էին «բարեփոխված ոստիկանության» հետ փորձի փոխանակման դասընթացների՞: Գուցե մոբիլիզացվել էին Հանրապետության հրապարակում նախատեսված համերգին ընդառա՞ջ: Որն էլ լինի, դրանից խնդիրը չի լուծվում: Չէ, ներողություն, պարեկային մի խումբ տեսել ենք, այն էլ՝ զուտ Երևանի-Սևան ճանապարհի Չարենցավանից քիչ ներքև ընկած հատվածում, քանի որ շինարարական աշխատանքների պատճառով մոտ 3 կիլոմետրանոց խցանում էր: Ընդ որում, այդ հատվածում նման վիճակ է ավելի քան 15-20 օր:
Ու միայն մարզերով անցնող ճանապարհների հարցը չի: Երևանում ընդամենը 40-50 րոպեի ընթացքում կարելի է 3-4 վթարի ականատես դառնալ: Նույնն են փաստում և պաշտոնական վիճակագրության չոր թվերը. 2025 թվականի հունվար-օգոստոս (8 ամսվա մեջ) ժամանակահատվածում արձանագրվել է 3088 ճանապարհատրանսպորտային պատահար: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 16 տոկոս:
Դրանց հետևանքով զոհվել է 178 մարդ (15 տոկոսով քիչ, քան 2024-ի նույն ժամանակահատվածում): Իսկ, այ, վիրավորների թիվը գրեթե 1/5-րդով կամ 20 տոկոսով աճել է՝ 4585 վիրավոր: Դա միայն այս տարվա 8 ամիսներին...
Մի խոսքով, ամենօրյա քաոս է: Ամենուրեք: Բոլոր ոլորտներում...
Էլի մի խոսքով՝ «ապագան» եկել է ամենուրեք...
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ