Վեդի համայնքում իրավիճակը լարվել է. հանրային քննարկումները դադարեցվել են

Վեդի համայնքի Գինեվետ գյուղում այսօր՝ հոկտեմբերի 13–ին, տեղի է ունեցել նախնական հանրային լսումներ «Օրդ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Կարմիր սարի կրաքարային մերգելների օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների վերաբերյալ: Ծրագիրը նախատեսում է նաև Ցեմենտի գործարանի կառուցում։ Սա հանրային քննարկումների առաջին փուլն է: Հայտնում է news.am-ը:
Ըստ նախագծի հեղինակների՝ նախատեսվում է 25 մլն դրամի ներդրում, որն անհրաժեշտության դեպքում կարող է հասցվել մինչև 35 մլն-ի։
Մինչ այդ բնապահպան ակտիվիստները կոչ էին արել հարակից գյուղերի բնակիչներին գալ և կանխել այն ռիսկերը, որոնցով բաց հանքարդյունաբերությունը սպառնում է գյուղատնտեսությանը, դիմել էին նաև քաղհասարակության ներկայացուցիչներին` կանգնելու իրենց շահերի համար պայքարող գյուղացիների կողքին:
Գյուղի բնակիչներից մեկը հայտնել է, որ այդ տարածքներում էնդեմիկ և կարմիրգրքային բույսեր կան։ Նախաձեռնողը ընթերցել է ԳԱԱ Թախթաջյանի անվան ինստիտուտի եզրակացությունը, որ հանքի շահագործման տարածքում Կարմիր գրքային բույս չկա։
Երբ քաղհասարակության ներկայացուցիչները դեմ արտահայտվեցին հանքի շահագործմանը, ընկերության ներկայացուցիչները, նաեւ որոշ գյուղացիներ հայտարարեցին, որ նրանք «Վեդի Ալկո» ընկերության շահերի պաշտպանն են։ Ինչ–որ պահի իրավիճակը լարվել է, հնչել են փոխադարձ վիրավորանքներ։
Վարչական շրջանի ղեկավարության ներկայացուցիչը հանրային լսումները դադարեցրել է՝ նշելով, որ հարցերը կրկնվում են։ Ակտիվիստները վանկարկել են. «Ամոթ, հանրային լսումները չեն կայացել, քանի որ բոլոր հարցերը չեն լսվել և ելույթներ չեն եղել և անօրինական ձևով կասեցվել է»։