Կալանավորված Արսեն Ղուկասյանն իր կոշտ հարցադրումներով անհարմար դրության մեջ էր թողնում մի շարք պաշտոնյաների. Փաստաբան

«Սպասում էինք, որ գործ կհարուցվի, բայց չէինք մտածել, որ այդ գործողությունները կարող են խուլիգանական որակվել»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբոր՝ Արսեն Ղուկասյանի պաշտպան Տաթև Սողոյանը։
Նա նշեց, որ մարդիկ արդարացի պահանջ են ունեցել, գնացել են ՊՆ դիմաց՝ նախապես պայմանավորված հանդիպմանը, սակայն մարդկանց խաբել են, պրովոկացրել են տարբեր վիրավորական արտահայտություններով դիմելով, հրմշտոց է տեղի ունեցել։ Փաստաբանի խոսքով, Արսեն Ղուկասյանը ակցիաների ժամանակ մշտապես ասել է, որ իրենց խնդիրը ոստիկանների հետ չէ, հորդորել է ոստիկանի հանդեպ լինել հարգալից, հասկացել է, որ իրենք ծառայություն են իրականացնում։
«Սակայն չես կարող չզայրանալ, երբ որ ակցիայի ժամանակ անհետ կորածի հարազատաին քաշքշում են, հարվածում են։ Սա է եղել դեպքի եղելությունը։
Մեզ համար տարօրինակ, նաև սպասելի կերպով հռչակելով Արսեն Ղուկասյանին որպես անհետ կորած հարազատների ղեկավար, ագրեսիվ վարքագիծ դրսևորող մարդ, եթե նա չլինի, կարծես այս մարդիկ ասելու են՝ լավ, մեր երեխաները չկան, չկան, նստենք տանը, սպասենք, որոշել են կալանավորել, չնայած եթե նույնիսկ չեն էլ ունեցել, բայց վստահ եմ, որ ունեցել են, ծանրագույն առողջական խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո»,- ասաց Տ. Սողոյանը։
Նա նշեց, որ Արսեն Ղուկասյանն մշտապես իր կոշտ հարցադրումներով անհարմար դրության մեջ էր թողնում մի շարք պաշտոնյաների։
Սողոյանը հայտնեց, որ անհետ կորած և զոհված զինծառայողների հարազատների ակցիաների արդյունքում Ղուկասյանի առողջական վիճակի մասին տեղեկություններ ունենալու համար նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։
Հիշեցնենք, որ Արսեն Ղուկասյանի եղբայրը զոհվել է 44-օրյա պետերազմի ժամանակ, իսկ եղբոր որդին անհետ կորած է։ Արսեն Ղուկասյանը ՊՆ վարչական շենքի մոտ ակցիայի ժամանակ ռազմական ոստիկանության ծառայողների հետ միջադեպից հետո ձերբակալվել է հոկտեմբերի 7-ին, ապա մեկ ամսով կալանավորվել «խուլիգանության» համար։