Արտաշատի խճուղում ճակատ ճակատի բախվել են «Opel»-ն ու «VAZ 2121»-ը. վարորդները սթափ են եղել

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Արտաշատի խճուղում՝ ժողովրդին հայտնի «Կանաչ» սուպերմարկետի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Գրիգոր Ս.-ի վարած «Opel Astra» մակնիշի և 29-ամյա Հակոբ Մ.-ի վարած «VAZ 2121» մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ 2 վիրավոր են եղել, որոնց առաջինը օգնություն են ցուցաբերել քաղաքացիները, «Կանաչ» սուպերմարկետի աշխատակիցներն ու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Ըստ քաղաքացիների՝ այնուհետև բժիշկները նրանց տեղափոխել են հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանզատել են նույն վաշտի պարեկներ Էդուարդ Բաղդասարյանն ու Հերմինե Մակինյանը: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: