Երևանի քաղաքապետարանի աշխատակիցը տուգանվել է մգեցված ապակիներով մեքենայով երթևեկելու համար

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հոկտեմբերի 11-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները Նուբարաշենի վարչական տարածքում նկատել են «Chevrolet» մակնիշի ավտոմեքենա, որի կողային ապակիները ամբողջությամբ եղել են մգացված:
Պարեկները տեղում պարզել են, որ վարորդը Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Տիգրան Հովհաննիսյանն է, ով փորձում էր պարեկներին համոզել, թե «մի արձանագրեք, ես հետո «պլյոնկեքը» կհանեմ»:
Սակայն նրա խնդրանքը պարեկների կողմից մերժվեց ու նա իր ձեռքով ավտոմեքենայի կողային առջևի ապակիների վրայից հեռացրեց մուգ թաղանթները:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Տիգրան Հ.-ն պարեկներին հայտնել է, որ ինքը աշխատում է Երևանի քաղաքապետարանի բաժիններից մեկում: