Դանակահարություն Աբովյան քաղաքում. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:20-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն մի քաղաքացի է տեղափոխվել՝ դանակահարված վիճակում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են: Իսկ բժիշկները քրեական և համյանքային ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը իրենց մոտ է բերվել «որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, գտնվում է վիրահատարանում ու ի վիճակի չէ բացատրություն տալու:
Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, Կոտայքի ոստիկանության բաժնի և Կոտայքի մարզի քրեական ոստիականները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 51-ամյա Արշակ Մ.-ն է:
Իրավապահները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Չափիչի 3-րդ շենքի բակում Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Սամվել Հ.-ն անհիմն հարցերի շուրջ վիճաբանություն է ունեցել Արշակ Մ.-ի հետ, որի ժամանակ էլ իր մոտ եղած սուր կտող-ծակող առարկայով հարվածել է Արշակ Մ.-ին:
Քրեական և համայնքային ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած կասկածյալին և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու համար: