Ջալալ Հարությունյանն առ այս պահը ՔԿՀ չի տեղափոխվել. դատական ակտը չի կատարվում

ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանն առ այս պահը ՔԿՀ չի տեղափոխվել, թեև մեղադրական վճիռն օրինական ուժի մեջ է մտել սեպտեմբերի 26-ին։ Այսինքն՝ Վճռաբեկ դատարանից գործն ուղարկվել է առաջին ատյանի դատարան, որտեղից էլ՝ պետք է ուղարկվեր կատարման։ Արդեն ավելի քան 14 օր է, ինչ ռազմական հանցագործության համար հանցավոր ճանաչելու ու ազատազրկելու դատական ակտը կատարման չի ուղարկվել։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, հունվարի 15-ին մեղավոր էր ճանաչել Ջալալ Հարությունյանին՝ ՀՀ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ դատապարտելով ազատազրկման՝ 5,5 տարի ժամկետով։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Ռոբերտ Պապոյանի և Լուսինե Աբգարյանի, հունիսի 18-ի վճռով անփոփոխ է թողել մեղադրական դատավճիռը։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ պաշտպանական կողմը երկու անգամ ներկայացրել է վճռաբեկ բողոք, որոնցից առաջինը հետ էր ուղարկվել ու ժամանակ տրամադրվել սխալները շտկելու և կրկին բողոք ներկայացնելու համար, ինչից հետո ներկայացված երկրորդ բողոքը վարույթ չի ընդունվել։ Ըստ այդմ, մեղադրական վճիռը սեպտեմբերի 26-ին մտել է օրինական ուժի մեջ։
Հիշեցնենք, որ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով դրվագներից մեկով՝ 2020թ․ հոկտեմբերի 7-ի հակահարվածի վերաբերյալ, դեռևս նախաքննության ընթացքում քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ մյուս դրվագով, որը վերաբերում է «Ցորի» զորամասի՝ Դ20 դիվիզիոնի, վրա հոկտեմբերի 12-ին հարձակմանը, ուղարկվել է դատարան։
Ըստ մեղադրանքի՝ նա, զբաղեցնելով ՊԲ հրամանատարի պաշտոնը, կոչումով՝ գեներալ-լեյտենանտ, հանդիսանալով պաշտոնատար անձ՝ հանրային ծառայող, կոչման և պաշտոնի բերումով հանդիսանալով հրամանատար՝ ծառայողական դիրքով և զինվորական կոչումով, տվյալ իրավահարաբերության շրջանակում ունենալով իր լիազորություններից բխող հրամաններ և կարգադրություններ տալու ու դրանց կատարումն ապահովելու իրավասություն, հայտարարված ռազմական դրության ժամանակ՝ 2020թ. հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք կատարել է ոչ պատշաճ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Մասնավորապես, ըստ քրեական գործի, Դ20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման ժամանակ դիվիզիոնի հրամանատարությունը կապնվում է Ջալալ Հարությունյանի՝ տեղակալ, հրետանու գծով պետ Գենադի Բաղդասարյանին, հայտնում հակառակորդի հարձակման մասին, սակայն Ջալալ Հարությունյանը, ըստ գործի, հայտնել է, թե մոտեցողները յուրայիններ են։ Ջալալ Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։