Դաժան սպանություն՝ սպանել են մահացածի կնքահորը

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզի եկեղեցիներից մեկում:
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 13:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Չարենցավան քաղաքում գործող Սուրբ Փրկիչ եկեղեցում թաղման արարողության ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել և վիրավորը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն:
Քրեական ու համայնքային ոստիկաններն ու պարեկները եկեղեցու ներսում և դրսում՝ տարբեր հատվածներում, հայտնաբերել են արնանման հետքեր:
Մինչ տեղում աշխատում էին քննիչներն ու քննչական կոմիտեի փորձաքրեագետը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Չարենցավանի բաժին, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժավեցին տեսախցիկի առաջ խոսել ասել են, որ այսօր սպանվածի սանիկը մահացել էր օրեր առաջ Արագածոտնի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով և այսօր նրա թաղման արարողությունն էր, իսկ կասկածյալը, մտնելով եկեղեցի, հենց այնտեղ դանակի մի քանի հարվածներ է հասցրել ավտովթար հետևանքով մահացածի կնքահորը:
Ինչպես հայտնում է ՀՀ ոստիկանությունը, Չարենցավանում սպանության մեջ կասկածվող երիտասարդը ձերբակալվել է
Ոստիկանության հաղորդմամբ, ժամը 14.02-ին, Չարենցավանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Չարենցավան քաղաքի եկեղեցու մոտից շտապօգնության խումբը դանակահարված վիճակում բուժօգնության է տեղափոխել Չարենցավանի բնակիչ 57-ամյա Անդրանիկ Ղ․-ին, որտեղ նա մահացել է։
Տեղեկությունը փոխանցվել է Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն, Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժին և Պարեկային ծառայություն։
Ըստ նախնական տեղեկությունների՝ սպանության մեջ կասկածվողը հոգեբուժարանում հաշվառված 26-ամյա մի երիտասարդ է, որը եկեղեցում դանակահարել է մահացածին վերջին հրաժեշտ տվող հարազատներից մեկին՝ 57-ամյա տղամարդուն։ 26-ամյա երիտասարդը ձերբակալվել է։