Ազատության հրապարակում հանրահավաք կանցկացվի՝ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի

Ազատության հրապարակում հաջորդ շաբաթ հանրահավաք է լինելու ի աջակցություն Սամվել Կարապետյանի։
«Գնալու ենք` պահանջելու արդարադատություն, գնալու ենք` պահանջելու ազատություն, արդարություն Սամվել Կարապետյանի համար»,– «Մեր ձևով» շարժման առաջին հաշվետու ժողովի ժամանակ հայտարարեց շարժման անդամ Ալիկ Ալեքսանյանը։
Նշենք, որ ըստ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակի»՝ իրավապահները պատրաստվում են երկարաձգել Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։
Հիշեցնենք նաև՝ հունիսի 18-ին իրավապահները ձերբակալեցին, իսկ դատարանը հետո կալանավորեց խոշոր գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին սահմանադրական կարգի տապալման կոչի մեղադրանքով միայն այն բանի համար, որ վերջինս, հանդես գալով ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու, հարցազրույցում ասել էր, որ «մեր ձևով կմիջամտենք» խնդրին, եթե քաղաքական գործիչները չկարողանան իրականացնել այդ գործառույթը։
Հետաքրքիր է, որ Կարապետյանի ձերբակալությանը նախորդել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպառնալից գրառումները Կարապետյանի հասցեին, որը փաստաբանները գնահատում են իբրև քննությանն ուղիղ միջամտելու և իրավապահներին ուղղորդելու փորձ։ Կարապետյանի կալանավորումից հետո իշխանությունները փոփոխություններ իրականացրին օրենսգրքում և փաստացի Կարապետյան ընտանիքից վերցրին ՀԷՑ-ը կառավարելու գործառույթը՝ նշանակելով ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանին իբրև կառավարիչ։