ԵՄ ավիացիոն «սև ցուցակում» Հայաստանի մնալ-չմնալու հարցը պարզ կդառնա նոյեմբերին

Եվրոպական միության ավիացիոն «սև ցուցակում» Հայաստանի մնալու կամ դուրս բերվելու հարցը կլուծվի 2025 թվականի նոյեմբերին։ Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն 2024 թվականի հոկտեմբերի 1-ին «սև ցուցակից» հանելու նպատակով դիմում է ներկայացրել Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսին։ Գործընթացը սկսվել է նոյեմբերին 13-ին, երբ տեղի է ունեցել Հայաստանի և ՏՆԵԿ–ի ներկայացուցիչների առաջին հանդիպումը։ Դեկտեմբերի 24-ին հայկական կողմը փոխանցել է նախկինում հայտնաբերված խախտումները վերացնելը հաստատող փաստաթղթերի փաթեթը՝ դրանք պաշտոնապես վավերացնելու և հետագայում որոշում կայացնելու նպատակով։
«Սեպտեմբերի 1-5-ը ՀՀ-ում անցկացվել է գնահատողական այց, որի շրջանակում իրականացվել է ամբողջ ծավալով համընդհանուր գնահատում, որը չի սահմանափակվել միայն 2020 թվականին արձանագրված թերությունների վերացման աշխատանքների գնահատմամբ»,– հայտնել են ՏԿԵ նախարարությունից։
ՀՀ ՏԿԵՆ–ի տվյալներով` ստուգման արդյունքները կքննարկվեն նոյեմբերին։
«Աուդիտի արդյունքները նախատեսվում է քննարկել նոյեմբերին Եվրոպական հանձնաժողովի թռիչքային անվտանգության կոմիտի նիստին (EC Air Safety Committee)՝ հայկական ավիաընկերություններին Եվրոպական միության «սև ցուցակից» դուրս հանելու հարցի որոշման նպատակով»,– նշել է նախարարությունը։
Սակայն ՏԿԵՆ–ը դժվարացել է պատասխանել` ի վերջո ՀՀ–ն ԵՄ թռիչքային անվտանգության ցուցակից (EU Air Safety List-ում) դուրս կգա՞, թե՞ ոչ, պատճառաբանելով, որ որևէ կանխատեսում անել չեն կարող։