Որն է ինտրիգը, կասկածներն ավելի են սրվում

Քաղաքագետ Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը.
Եթե 44-օրյա պատերազմի հանգամաքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը պետք է լիներ «Հույժ գաղտնի», ապա ո՞րն էր ընդհանրապես այդ հանձնաժողովի նախաձեռնության ու գործունեության իմաստը: Հարցը լոկ այն չէ, որ այդ գործունեությունը հաստատախես մի կլոր գումար արժեցած կլինի հարկատուների համար: Այդ իմաստով հարկատուների փողերը ըստ նպատակահարմարության աջու ձախպ շռայլելը նորություն չէ, ծայրահեղ դեպքում պետական պարտքը կավելացնենք ու կփակենք:
Հարցը տվյալ դեպքում նաեւ «ինտրիգն» է, որ հյուսվել է այդ հանձնաժողովով, եւ հիմա փաստորեն դրվել է «փակի տակ»: Ես իհարկե չեմ կարծում, թե նախաձեռնությունը եկել է պարապությունից: Այն վստահաբար ունեցել է որոշակի մոտիվ, որը սակայն գուցե ժամանակի ընթացքում անէացել է, եւ հիմա զեկույցը ուղարկվում է «արխիվ»:
Ընդհանրապես կասկածում եմ, թե զեկույցը կարող էր իրենից ներկայացնել ինչ որ լուրջ բան: Լուրջ զեկույց կազմելու համար դրա վրա պետք է աշխատի լուրջ թիմ, լուրջ քաղաքական ու փորձագիտական շրջանակ: Մինչդեռ, այդ զեույցի վրա աշխատել է գերազանցապես իշխանական կոնյուկտուրայի մեջ տեղավորված շրջանակը՝ ուղղակի, թե անուղղակի տեղավորված:
Հետեւաբար, այդ զեկույցը վստահաբար արտահայտում է վերոհիշյալ կոնյուկտուրան: Եվ չի բացառվում, որ հենց դրանից է բխում հավելյալ «ինտրիգ» սրելը, կասկածներ սրելը: Ավելորդ է թերեւս ասել, որ հանրային օգտակարության տեսանկյունից էֆեկտը, ինչպես ասում են՝ ձգտում է զրոյի: Որովհետեւ, ինտրիգները այդ հարցում միայն ու միայն պարարտացնում են այն մանիպուլյացիոն դաշտը, որը կարծես թե նաեւ բավականին հմտորեն քվոտավորված է այնպես, ինչպես 2021 թվականի արտահերթ ընտրության արդյունքով քվոտավորվել է խորհրդարանի քարտեզը:
Ըստ էության, «Հույժ գաղտնին» հենց այն բանի համար է, որ ի հայտ չգա զեկույց կոչվածի բովանդակային դատարկությունը, ի հայտ չգա այն, որ այդ զեկույցը գործնական առումով չունի ոչ մի էական նշանակություն, չի պարունակում ոչ մի էական բան, որը կարող էր իրապես անկյունաքարային նշանակություն ունենալ 44-օրյա պատերազմի հանգամանքները գնահատալու հարցում: