Ո՞ւր է տանում Չորրորդ հանրապետությունը

Սեպտեմբերի 20-ին Նիկոլ Փաշինյանը «փակեց» Հայաստանի Հանրապետության Երրորդ հանրապետության էջը, հայտարարեց Հայաստանի Չորրորդ հանրապետության մասին: Այնուհետև, երբ դեռ հայտարարությունը հանրությունը փորձում էր մարսել, վրա հասան ծաղրանքով լի հայտարարությունները ՀՀ նախկին երեք նախագահների հասցեին:
Հայաստանի իշխանության ղեկին գամված Փաշինյանը նախկին նախագահներին և ոչ միայն, հրավիրում է բանավեճի՝ «Երևան–Կենտրոնի» իր նախկին խցում, նշելով, որ այդտեղ բոլորին հարմար լինի:
MediaHub-ը այս ամենի շուրջ զրուցեց քաղաքագետ, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Ստեփան Դանիելյանի հետ, որպեսզի հասկանանք, թե ինչպե՞ս են քաղաքագիտական շրջանակները գնահատում այս հայտարարությունները և ո՞ւր են դրանք տանում:
Քաղաքագետը նշեց՝ Փաշինյանի հայտարարությունը բացարձակ տգիտություն է։
«Այդ անձնավորությունը 2018 թվականից սկսած այստեղից-այնտեղից ինչ-որ գաղափարներ է վերցնում, դրանք խորությամբ չի հասկանում և փչացնում է այդ գաղափարները։ Քանի որ ինքը երկրի ղեկավարն է, երկիրը խնդիրների առաջ է կանգնում»,-ասաց Դանիելյանը։
Նրա խոսքով՝ հանրապետությունների թվարկումը ֆրանսիական քաղաքական մտածողության արդյունքն է՝ առաջին, երկրորդ, երրորդ։ Հանրապետությունները ընդատվել են միապետություններով և այս առումով ինչ-որ տրամաբանություն կա այս հայտարարությունում։ Ինչ վերաբերվում է չորրորդ և հինգերորդ հանրապետություններին, Դանիելյանը հիշեցրեց, որ 1945 թվականից հետո Ֆրանսիայում հիմնվում է Չորրորդ հանրապետություն՝ գերմանական օկուպացիայից հետո և պառլամենտական կառավարման համակարգ է հաստատվում Ֆրանսիայում, բայց հետագայում Ֆրանսիան կառավարման ճգնաժամի առաջ է կանգնում, կառավարությունները միմյանց փոխարինում են և կայունություն չի հաստատվում և 1958 թվականին Ֆրանսիայում հաստատվում է Հինգերորդ հանրապետություն։ Պառլամետական կառավարման երկիրը դառնում է նախագահական, կիսանախագահական կառավարման երկիր, այսինքն՝ Սահմանադրությունը և կառավարման մոդելը փոխվում է, դրա համար են թվարկում հարապետությունը։
«Եթե այս տրամաբանությամբ ենք շարժվում, ապա 2018 թվականից հետո Հայաստանում ստեղծվել է Չորրորդ հանրապետություն, այսինքն կար կիսանախագահական կառավարման համակարգ, կառավարման մոդելն էր փոխվել, այսինքն հաստատվել էր Չորրորդ հանրապետությունը։ Հիմա եթե ինքն ասում է փոխենք, խոսքն արդեն Հինգերորդ հանրապետության մասին է, եթե դիտարկում ենք այս համատեքստում։ Այսինքն՝ իրավական և քաղաքագիտական առումով այդ անձնավորությունը տգետ է, ինքը չի հասկանում ինչ է խոսում»,-մեզ հետ զրույցում նշեց քաղաքագետը։
Հարցին, թե ինչի համար է դա արվում, Դանիելյանն ասաց՝ Ադրբեջանը Հայաստանի դիմաց պահանջներ է դնում՝ պետք է Սահմանադրություն փոխվի և այլն, և ադրբեջանական այդ պահանջը կատարելու համար ինքը փորձում է ինչ-որ գաղափարական երանգ տալ՝ իրավագիտական և քաղաքագիտական առումով որևէ հիմնավորում չունենալով։ Քաղաքագետի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին ուզում է ցույց տալ, որ ինքը պատրաստվում է իրենց պահանջը կատարել և ստանալ աջակցություն ընտրություններից առաջ։
Անդրադառնալով նախագահների մասին հայտարարություններին, Դանիելյանը նշեց, որ այս երկու հայտարարություններն անմիջական կապ ունեն միմյանց հետ, այս կերպ նա փորձում է ուշադրությունը շեղել քաղաքական կարևոր իրադարձություններից։
«Նման հայտարություններ անընդմեջ լինելու են, այդ հայտարարություններին զուգահեռ հերթական գլխարկն է փոխելու, մարդիկ իր գլխարկն են քննարկելու, կնոջ ինչ-որ հիմար հայտարություններն են քննարկելու՝ ռեալ խնդիրները աչքաթող անելով»,-հավելեց Դանիելյանը։