Քանի օր է անցել իշխող ուժի համագումարից, բայց այդ տեսարաններից մնացած դառը, ճնշող զգացումները ոչ մի կերպ չեն ջնջվում մտքիցս: Պատմությունից, ֆիլմերից, մեր մանկությունից ու պատանեկությունից տպավորված կադրերը` ՍՄԿԿ համագումարներից, նացիստական կուսակցության ժողովներից, տարբեր աղանդավորական հավաքներից հառնում են աչքիս առաջ: Այդ հոտնկայս ծափերը, բեմում ծնկաչոք առաջնորդը, նրա հրահանգով դահլիճի հնազանդ ու անկյանք վանկարկումները, բռնության գործիք մուրճի հայտնվելուն հաջորդած հռհռոցը, լուսանկարներից հորդող ինքնագոհ եւ բութ ժպիտները, վարչության կազմում ընտրվածների ցնծությունը... հուսահատեցնող տեսարաններ էին, տխուր մտորումների տեղիք տվող: Իսկ առաջնորդի` մեկ ժամից ավելի տեւած նախընտրական ելույթի յուրաքանչյուր նախադասություն ապշեցուցիչ էր ստի, ինքնավստահության, դեմագոգիայի, աշխարհը շրջված ընկալելու, ցանկալին իրականության տեղ անցկացնելու, մարդկանց էմոցիաների հետ խաղալու մանիպուլյացիաների առումով: Այդ ելույթի յուրաքանչյուր բառն ու տառը կարելի էր հերքել, ի ցույց դնել կեղծիքն ու դեմագոգիան, բացահայտել իրական նպատակն ու մարդկանց ապակողմնորոշելու միտումը, բայց, մեծ հաշվով, անիմաստ է դառնում, երբ հասկանում ես, որ այդ հուսահատ ճիգերով մի նպատակ է հետապնդում ՔՊ առաջնորդը` ժողովրդից քվե է մուրում՝ 2026-ի ընտրությունների համար եւ այդ քվեն ստանալու համար պատրաստ է ամեն ինչի: Պատրաստ է չոքեչոք գնալ յուրաքանչյուր հայի տուն, պատրաստ է համբուրել յուրաքանչյուր «սնուցող մոր եւ նահապետ հոր» ձեռքը, պատրաստ է հողին հավասարեցնել մեր 30-ամյա պատմության ամեն օրը, պատրաստ է իր թիմակիցներից յուրաքանչյուրի գլխին փառքի պսակ դնել ու սեր խոստովանել: Էլ չեմ խոսում` Ալիեւի ու Էրդողանի բարեհաճությունը շահելու, նախկին նախագահներին մինչեւ վերջին խազը նվաստացնելու, գերտերությունների բոլոր ղեկավարներին հատ-հատ իր հպատակությունը հայտնելու մասին: Մարդը չի ուզում կորցնել իշխանությունը եւ հանուն դրա պատրաստ է ամեն ինչի: Բայց սա այն դեպքը չէ, երբ դուռդ մի մուրացիկ է թակել եւ մի քանի գրոշ, մի աման ճաշ կամ հնամաշ հագուստ է քեզնից խնդրում, որ հանես, տաս` խղճալով: Սա մեր կյանքի վերջին 8 տարին դժոխքի վերածած մարդուն` հաջորդ 5-ն էլ դժոխային դարձնելու իրավունք շնորհել է նշանակում:
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը (ՀՀԿ)
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը