«Հայաստանի ընկերների ցանց»-ի ներկայացուցիչներն այցելեցին «Մարգարա» անցակետ

«Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի կողմից առաջնորդվող «Հայաստանի ընկերների ցանց»-ի ներկայացուցիչները Հայաստան-Թուրքիա սահմանի «Մարգարա» վերանորոգված անցակետ այցի արդյունքում արձանագրեցին՝ հայկական կողմը պատրաստ է Թուրքիայի հետ սահմանի բացմանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստանի ընկերների ցանց»-ի ներկայացուցիչները Մարգարայի անցակետում շրջայցից ու ստեղծված հնարավորություններին ծանոթանալուց հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձան նաև «Խաղաղության խաչմերուկ» նախածագին՝ այն որակելով խոստումնալից նախաձեռնություն:
Եվրոպական արտաքին քաղաքականության հարցերով փորձագետ Ֆրեդրիկ Վեսլաուն նախ ներկայացրեց խմբի՝ Հայաստան այցի հիմնական նպատակը:
«Մենք եվրոպացիների խումբ ենք, որն աշխատել է Հարավային Կովկասում և շատ հոգատարությամբ է վերաբերվում այս տարածաշրջանին ու Հայաստանին: Մենք այստեղ ենք՝ խոսելու հայ գործընկերների հետ, որպեսզի ավելի իմանանք իրավիճակի մասին՝ հատկապես օգոստոսի 8-ին Վաշինգտոնի փաստաթղթի ստորագրումից հետո, որը իսկապես պատմական է և նոր հույս և նոր խաղաղություն բերեց տարածաշրջան»,-ասաց Ֆրեդրիկ Վեսլաուն։
Նա շատ տպավորիչ համարեց «Մարգարա» անցակետը, ենթակառուցվածքները: «Ակնհայտ է, որ հայկական կողմը պատրաստ է սահմանի բացմանը, և մենք հույս ունենք, որ դա շատ շուտով տեղի կունենա»,-ասաց Վեսլաուն:
Ըստ նրա՝ Վաշինգտոնում օգոստոսի 8-ի փաստաթղթի ստորագրումից հետո Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի բացումը պետք է որ առանց խոչընդոտների գործընթաց լինի: «Կարծում եմ՝ մենք բոլորս ցանկանում ենք այս տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման ականատեսը լինել: Եվ, իհարկե, սահմանների բացումը պետք է լինի դրա մի մասը: Մենք հույս ունենք, որ դա տեղի կունենա հնարավորինս շուտ»,-նշեց Վեսլաուն:
Հարևանության և ընդլայնման հարցերով ԵՄ նախկին հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, խոսելով Հայաստան այցի մասին, ընդգծեց՝ խմբի բոլոր անդամները որոշակի գործառույթներ են ունեցել իրենց երկրներում, Եվրամիությունում և ՆԱՏՕ-ում: «Բայց ամենակարևորը, ինչն իրականում միավորում է մեզ, իհարկե, այս տարածաշրջանն է: Դա Հայաստանն է, դա խաղաղության ողջ գործընթացն է: Եվ մենք ուզում ենք լինել դրա մի մասը»,-ասաց Ֆյուլեն:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։