Դատախազությունը չրեր, մետաքսե թաշկինակներ ու շարֆեր է գնել. «Փաստինֆո»

Հայաստանի Հանրապետության դատախազությունը սեպտեմբերի 4-ին բավականին հետաքրքիր գնումներ է կատարել։ «Փաստինֆո»-ն գրում է, որ ծանոթացել է բաց աղբյուրներում հրապարակված փաստաթղթերին։
Այսպիսով, ըստ կայքի տեղեկությունների, սեպտեմբերի 4-ին ՀՀ Դատախազությունը Վիկտորիա Սուքիասյան ԱՁ-ից գնել է 3 մեծ տուփ բնական չրերի հավաքածու՝ վճարելով 66.000 դրամ։ Նույն ԱՁ-ից գնվել է նաև 6 փոքր տուփ բնական չրերի հավաքածու, որի համար էլ վճարվել է 48.000 դրամ։ Գնումների ընդհանուր հանրագումարը 114.000 դրամ է կազմել։
Հիշեցնենք, որ վերը նշված ԱՁ-ից գնումներ են կատարել նաև այլ գերատեսչություններ։ Ասել է թե՝ ներքին համաձայնությամբ գերատեսչությունները չրեր են գնում նույն անհատ ձեռներեցից։
Նույն օրը ՀՀ դատախազությունը «Արկոլադ» ՓԲԸ-ից գնել է 3 տուփ շոկոլադապատ դեղձի չիր ընկույզով, որի համար վճարվել է 9720 դրամ։
Հաջորդ գնումը դատախազությունը կատարել է «Արտույտ» ՓԲԸ-ից, որը հայտնի է իր շարֆերով, որոնք հայ ժամանակակից նկարիչների նկարներով և կոլաժներով են։
Այս բրենդից դատախազությունը կատարել է 140.400 դրամի գնում։ Կատարված գնումներն են՝ 1 հատ մետաքսե գրպանի լավ զարդաձևերի օրինակներով (31.900 դրամ), 1 հատ մետաքսե գրպանի թաշկինակ զարդաձևերի օրինակներով (31.900 դրամ), 1 հատ մետաքսե գրպանի թաշկինակ Ավետարանի կրկնակազմով (31.900 դրամ), 1 հատ շարֆ հայկական զարդատառերով (14.900 դրամ), 1 հատ շարֆ հայկական ձեռագիր կազմաստառով (14.900 դրամ) և 1 շարֆ «Զաբել թագուհու վերադարձը գահին» պատկերով (14.900 դրամ)։
Նշենք, որ համացանցում առկա տեղեկատվության համաձայն՝այս բրենդը հանդիսանում է պաշտոնական նվերների մատակարար։ Հայաստանի կառավարությունը՝ ներառյալ ՀՀ վարչապետը, նախագահը գնում են «Արտույտ» ՓԲԸ-ից։