««Հունիսի 12-ի» գործով Տիգրան Կլեկչյանի վարչական հսկողությունը վերացվեց». փաստաբան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է․
«Այսօր «հունիսի 12-ի գործով» հերթական դատական նիստն էր։ Նախորդ դատական նիստից օրեր անց պաշտպանյալներիցս մեկը՝ նախկին քաղբանտարկյալ Տիգրան Կլեկչյանը, ծանր կաթված էր ստացել, ինչն ազդել էր նրա շարժունակության վրա։
Դատական նիստում միջնորդեցինք վերացնել Տ.Կլեկչյանի նկատմամբ կիրառված վարչական հսկողությունը, որպեսզի նա այլևս ստիպված չլինի շաբաթը մեկ այցելելու Պրոբացիայի ծառայություն։ Լսելով կողմերի կարծիքը (մեղադրող դատախազը չառարկեց)՝ դատարանը բավարարեց մեր միջնորդությունը։
Դատական նիստը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 3-ը, որովհետև 16 մեղադրյալներից մեկի փաստաբանը՝ վարույթին մասնակցող միակ հանրային պաշտպանը, ներգրավվել է վարժական հավաքի։
Զորակոչվածներին՝ անփորձանք ծառայություն, հիվանդներին՝ առողջություն, քաղբանտարկյալներին էլ՝ ազատություն»։